Էջ:Թոթովենցի արձակ բանաստեղծություններ 09.jpg

Այս էջը հաստատված է

խորն է սրտերուն։ Կույսերը կճառագայթին սրսկապաններու ետին։ Օ՜, գեղեցկությունը՝ քողերու խորհրդավորությանը մեջ…

Աշխարհը ծածկված է անհունության ստվերով։

Ժամանակը մեծ ստվերն է սերունդներու պատմության։


Երգ մը

Երգ մը անոր, զոր կճանչնաս։

Ո՞վ կաթեց այնքան լույս քու աչքերուն խորը, ո՞վ պարգևեց քու երիտասարդ ճակատին դարերուն լրջությունը, և քու ամեն մեկ խոսքին մեջ՝ երկունքներու խորհուրդն ու խաղաղությունը։ Աչքերդ տեսնողը պիտի կոչեր. «Բեկորը հսկա արեգակին»։ Ճակատդ տեսնողը պիտի անվաներ քեզ կնքողը բոլոր դամբարաններուն, իսկ ան, որ քու երգը լսեր, պի­տի ըսեր. «Ահա՛ ծորակը, ուրկե բոլոր քաղցրությունները կհոսին»։

Բայց ես, որ քեզ ամբողջովին կճանչնամ — ճակատդ, աչքերդ, լեզուդ, հոգիդ, սիրտդ, ստինքներուդ աղավնությունը և մերկությանդ աստվածությունը, պիտի ըսեի. «Ահա՛ կույսը, ահա՛ Արշալույսներու մարմնացած շունչը»։


Օտար է չսիրողը

Չեմ գիտեր, թե ինչու կդողան այն ամեն շարժուն և ան­շարժ, անզգա իրերը, որոնց կհարիմ ոևէ կերպով. բոլորն ալ կթրթռան երկյուղով մը և կսարսռան չարաճճի տղու մը ձեռքին մեջ բռնած թռչունի մը պես, իբր թե բոլորին ալ վի­րավորած ըլլայի, բոլորին սրտին սուր մը տեղավորած ըլլայի։

Մանուշակը, որ համբույրիս տակ կուլա, և փրցուցած ցո­ղունես արյունը կվազե կաթիլ առ կաթիլ։ Քարերն անգամ իմ հպումիս տակ կդողան և կշարժին։

Աչքերս չեմ կրնար տեղ մը գամել, նայվածքներս առանց