Էջ:Թոթովենցի արձակ բանաստեղծություններ 11.jpg

Այս էջը հաստատված է

ամեն ինչ խլած է անոնցմե. առտվան ցողը անոր վրա չկենար, և ոչ ալ սոխակը իր երգերուն մեկ թրթռումը պիտի նվիրեր անոնց համար։

Թերևս անոնք բեկորներն են այս գանձերու մեկի պսակին՝ արցունքը աչքերուն մեջ լեցված կույսի մը կողմեն դրված իր սիրահարի ճակատին վրա։ Թերևս ոճրագործ մըն է ան, որուն վրա պատահաբար հովը քշեր բերեր է այդ անմեղ թերթերը, թերևս մայրը իր զավակին համար, թերևս որդին իր հորը, կամ ընկեր մը իր գաղափարի ընկերոջը համար դրած ըլլան։

Անոնք թեև արշալույսին բույրը չունին, բայց ունին անմահության և դարերու օծությունը։

Ինչ որ ալ ըլլա՝ ես ծունկի կուգամ այս վարդի բեկորնե­րուն առջև, առնելով ուսերուս վրա ծանրությունը դարերու խորհրդավորության, որում կզգամ ժամանակի սարսուռը։

Երբ վարդերը չեն մեռնիր, երբ վարդերը կրնան բյուրա­վոր արշալույսներ ողջունել, որոնք սահմանված էին ուղևորի մը ոտքերուն տակ ճզմվելու, այն ուժը, որ կզգամ կենդանի խորությանս մեջ, երբեք չէ կարող մեռնիլ։


Տրտմություն

Բոլորն ալ տրտում են և վիրավոր։ Ջարդված շուշաններու ցողուններեն արյունը կկաթի շիթ առ շիթ, կակաչը տրտմու­թյան ձյունին տակ կհեծե, աղավնիները կհեծկլտան, իբր թե անբույն ըլլային, ժպիտները մահվան ստվերներու պես կդողդոջին եղնիկի աչքերուն մեջ, հույսը ծունկի կուգա և կաղոթե։

Տեսա՞ծ եք մենավոր և արտասվող լույսեր, որոնք ամայի հովիտի մը զմայլագին հեռավորությանը մեջ կսարսռան, և անհամբեր կսպասեն վերջալույսի թևերուն։

Ծովն է տրտում, ծովն է մռայլ։

Ահավասիկ աղոթքներու սպիտակ երամները, որ կուգան արշալույսներու խորերեն և կվազեն տրտմության սև մեհյան­ները։

Արևնե՜ր, բոլորն ալ տրտում։

Ահավասիկ համեստության թևավոր և սպիտակ դիցուհիներ,