Էջ:Թոթովենցի արձակ բանաստեղծություններ 13.jpg

Այս էջը հաստատված է
ՄՏԱԾՈԻՄԻ ՇԻԹԵՐ
***

Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։


***

Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։


***

Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։


***

Սափոր մը ջուրը ալիք չի կրնար կազմել և փրփուր չունի, ո՛չ ալ խաղաղ ծովերու աստվածային վեհությունը։


***

Ձեզմե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։