Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/81

Այս էջը հաստատված է

Հակոբ Օրմանջյան

թե՛ թիկունքում, թե՛ մարտերում, թե՜ խաղաղ հետպատերազմյան կյանքում։ Զերծ ամեն սրբագրումից՝ Սարգսյանի հերոսները հմայիչ են ու հետաքրքիր նախ եւ առաջ իրենց պարզությամբ եւ բնավորության բազմազան դրսեւորումներով։ Հեղինակը նրանց նկարագրում է, ինչպես ասում են՝ «առաջին ձեռքից», այնպիսիք ինչպիսիք կան եւ նրանց հանդիպում ենք կյանքում, երբեմն հակասական իրենց արարքներով, լցված մեծագույն նվիրումով հանդեպ մեծ գործը, նույնիսկ թշնամու դեմ մարդկային իրականությանը քննադատաբար նայելով։

Մ. Սարգսյանը մարտական խոշոր տեսարանների սիրահար չէ։ Նա հազվադեպ է դիմում այս կամ այն մարտի լիակատար, մանրամասն նկարագրության։ Նրան ավելի շատ հետաքրքրում է այն արձագանքը, որ պատերազմը առաջացնում է հասարակ մարդկանց, հրամանատարների կամ թիկունքում նրանց հարազատների սրտերում, որպեսզի ավելի ուշ փիլիսոփայական ընդհանրացումներ անի մարդու եւ նրա վարքագծի մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին Հայաստանը միլիոն ու կես բնակչություն ուներ, բայց նա ռազմաճակատ ուղարկեց ազգային վեց դիվիզիա։ Տասնյակ հազարավոր հայ զինվորներ համալրեցին խորհրդային այլ ստորաբաժանումների շարքերը։ Նրանցից շատերը չվերադարձան եւ իրենց մահկանացուն կնքեցին Կերչի, Լենինգրադի, Կուրսկի, Ստալինգրադի, Մոսկվայի, Պրահայի եւ Բեռլինի մատույցներում։ Այսօր Հայաստանում չկա մի քաղաք կամ գյուղ, ուր բարձրացված չլինի հուշարձան-կոթող զոհված հերոսների հիշատակին, որովհետեւ փաստորեն չկա մի ընտանիք, որ մեկ կամ երկու զոհ տված չլինի հանուն հայրենիքի ազատագրության։

Հայ գրողների ամբողջ մի սերունդ գրիչը թաթախեց պատերազմի թանաքամանում եւ գրեց սքանչելի էջեր հերոսական այդ պայքարի մասին, բայց Մկրտիչ Սարգսյանն իր ուրույն տեղն ունի նրանց շարքում։ Նրա ստեղծագործությունների մեջ պատերազմը դիտվում է այլ տեսանկյունից, նրա գործերը աչքի են ընկնում ազգային ուրույն կոլորիտով։

«Ճակատագրով դատապարտվածներ» վիպակում գրողն ընտրել է մի փոքր, բայց հերոսական դրվագ, որքան ծանոթ պատմությանը,