են վայելում, հոբելյաններ են տոնում, բայց դեռ ոչ մի մարդավարի խոսք չեն լսել այդ թերթերից։ Հաճախ միայն հայհոյել են և ամեն կերպ, աշխատել են խեղդել կամ թույլ չտալ, որ անունը դուրս գա հրապարակ։ Շա՛տ է տարօրինակ, շատ է զարմանալի, բայց փաստ է։ Վերջապես հայի կյանքում խոշոր դեպքեր են տեղի ունեցել, աղետներ ու շարժումներ են եղել։ Գուցե թե այդ ՜մամուլը անկողմնապահ.ու բազմակողմանի, քննության է ենթարկել այդ երևույթները։ Դարձյալ նույնը, միշտ նույնը, կամ օվսաննա կամ հայհոյանք։ Գնա ինչ կուզես դրանից հասկացիր։
Եվ մեր այն բազմությունը, որ կրթվել է այդ մամուլի վրա, զարմանալի թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել է սովորել, խոսքն ընչի մասին ուզում է լինի, հայհոյել, ցեխը կոխել կամ բարձրացնել, երկինք հանել, դեմն ով ուզում է լինի։ Չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ։
Խոսքս վերջացնելով ավելին ասեմ, այդ թերթերը հոգս չեն քաշում գոնե մի տանելի լեզու ունենային, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը– հայ թերթն է։
Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել։
Իսկ երբ հորիզոնի վրա կերևա այդ պատկառելի ընթերցողը -նա, հայ թերթը, ստիպված կլինի իրեն հավաքելու, «զոհաբերություն» անելու և կարգին աշխատակիցներ պահելու կամ եղածների հետ մարդավարի վարվելու, ստիպված կլինի բան տալու և տալու վայելուչ կերպով։ Այդ օրը կլինի վախճանը աղմկարար ու ՛անբովանդակ հնի և սկիզբը բովանդակալի, անաչառ ու ազնիվ մի նոր հոսանքի, որ ցանկալի է այնքան և որ պետք է գա վերջապես։