Այս էջը սրբագրված է
սրանից առաջ Սայաթ-Նովայի անունը հին Թիֆլիսում հռչակված էր ամենուրեք, թագավորական պալատից սկսած մինչև արհեստավորի խրճիթը»3։
Եվ վերջանում է հետևյալ խոսքերով. «Սայաթ-Նովան միայն վրացերեն չի գրել, այլ նաև հայերեն ու թուրքերեն, որ դեռ մնում են անտիպ»4։ Սրա մեջ ասված է միայն, որ նա ծնունդով հայ էր և գրել է նաև հայերեն։ Եվ էս տեսակ մի երգիչ, որին հենց իրենց-վրացիների ասելով ամենից շատ իրենք են երախտապարտ, մի երգիչ, որ հավասար թանկ է Կովկասյան բոլոր ազգությունների համար, մի երգիչ, որ միայն սեր է արծարծել դեպի վրացին, վրացական լեզուն ու Վրաստանը, մի երգիչ, որ Թիֆլիս քաղաքի ամենամեծ պարծանքներից մինն է, հանկարծ իր հիշատակով, իր անվանը տված հարգանքով շարժում է վրացիներից ոմանց մաղձն ու զայրույթը։ Եվ էդ ոմանք, թեկուզ և ազգով վրացի, հայերին նեղսիրտ, չարակամ լինելուց աոաջ Վրաստանի թշնամիներն են, որովհետև վեր են կենում ու խոսում նրա հոյակապ ու սիրելի երգիչներից մեկի— Սայաթ-Նովայի անվան ու հիշատակի դեմ։ Այո, սրանք անգիտակից թշնամիներ են ամենից առաջ հենց իրենց հայրենիքին ու ազգին, ռուս թերթը՝ ռուսին ու Ռուսաստանին, վրացական թերթը՝ վրացուն ու Վրաստանին։ Եվ սրանց համար է ասված, թե՝ պետք է ներել, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում։