Այս էջը սրբագրված է
մեր միջնադարյան բանաստեղծությունն է եղած հիացման գլխավոր առարկան; :
էն ժամանակ նրանք էին հիացած, այժմ հերթը մերն է։ Ես քննադատելու չեմ «Поэзия Армении» գիրքը։ Քննադատներ շատ կան, նրանք կքննադատեն։ Ամենաշատը ես ինչ-ինչ նկատողություններ եմ անելու, մեծ մասամբ մեր հին բանաստեղծության մութն ու վիճելի կետերի վրա։ Սակայն չեմ կարող իմ բուռն ու անկեղծ հիացումը չհայտնել հրապարակով մեր լավագույն բարեկամների ու ընկերների էն շնորհքի ու սիրո հանդեպ, որ նըրանք հանդես են բերում էս գեղեցիկ գործի մեջ, հաճախ անհաղթելի դժվարությունները հաղթահարելով։ Մարդիկ կան որ բանաստեղծների անհաջող գործերն են որոնում ու սրանցով ՚ են զբաղվում։ Դրանք անգետ ու անճաշակ մարդիկ են, և նույնիսկ վատ հոգու տեր մարդիկ; Թերությունները պետք է նկատել, բայց բանաստեղծին իր հաջող գործերի մեջ պետք է ճանաչել, նրանցով պիտի գնահատել։ Եվ էս ճշմարիտ է ո՛չ միայն ինքնուրույն գործերի համար, այլև թարգմանության։ Չէ՛ որ բանաստեղծության թարգմանությունը, էն էլ առանձին համ ու հոտ, շունչ ու ոճ ունեցող բանաստեղծության թարգմանությունը շատ է դժար ու հազվագյուտ բան։ Բանաստեղծության նույնիսկ լավ թարգմանության համար ասված է, թե նա մի վարդ է, որ ապակու տակ է դրված։ Այսինքն թե՝ ձևը կտեսնես, բայց բուրմունքը չես զգալ։ Ինչքա՜ն շնորհք է հարկավոր, որ ոչ միայն հարազատ ձևը ցույց տա, այլև ինքնուրույն բուրմունքը հաղորդի։ Եվ շնորհքի հետ ի՜նչքան սեր… Եվ Ի՜նչ խնամքով կազմած ու ճաշակով տպած գիրք է ինչքան շքեղ իր պարզության մեջ։ Դրա համար էլ ամեն մի ձեռքն առնող,— հայ լինի թե օտար,— համակվում է սիրով ու հարգանքով դեպի մեր շատ թշնամի ու քիչ բարեկամ տեսած ցեղը։
Այժմ ամենքի համար պարզ է «Поэзия Армении» գրքի նշանակությունը։ էն ժամանակ Բրյուսովին իրեն էլ էինք ասում։