Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/261

Այս էջը սրբագրված է

որ միշտ հանգիստ կարող է նայել ատեն գրական մեծության երեսի, երբ հասնում է Շեքսպիրին, ասում է.

—Ահով ու դողով եմ մոտենում գրական էն հսկա կաղնուն, որի մոտ միանում են ու որից բաժանվում են գրականության բոլոր ճանապարհները…

Եվ ահա էսօր՝ գրականության էդ բոլոր ճանապարհներով բոլոր կուլտուրական ազգերը իրենց հիացումն ու հարգանքն են ուղղում դեպի Անգլիա, դեպի Շեքսպիրի նվիրական գերեզմանը և դեպի նրա ծնող ժողովուրդը — անգլիական ազգը։

Մենք, հայերս էլ, որ երբեք խորթ չենք եղել գրականության ոչ մի ճանապարհին և վաղուց ջերմ սիրել ենք Շեքսպիրը՝ նրա մահվան երեքհարյուրամյակի օրը արդեն ունենք մեր արժանավայել ներկայացուցչությունը, և ինձ էնպես է թվում, թե էսօր Շեքսպիրի գերեզմանի վրա արդեն կանգնած է հայկական Համլետը, հոգիացած Ադամյանը, իբրև հայության ներկայացուցիչ, և դժվար թե ուրիշ որևէ ազգ էլ կարողանա ավելի գեղեցիկ մի ներկայացուցչություն ունենալ էսօրվան օրը՝ Ստրադֆորտում իր հարգանքն ու մեծարանքը ցույց տալու համար։

Հարգանք անգլիական մեծ ազգին, որ մարդկությանը էնքան մեծ հանճարներ ու հանճարեղ կարգեր է տվել, հարգանք իսպանական ազգին, որ կարող է միշտ պարծենալ իր շատ մեծ զավակների անուններով, և հարգանք նրանց հանճարեղ զավակների՝ Շեքսպիրի ու Սերվանտեսի անմահ հիշատակին։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

I

«Հորիզոնի» 89 և 90 համարներում պ. Գ. Չալխուշյանը սաստիկ վշտացած է էն տեղեկություններից, որ տվել է Տորոպովը Ռուսաստանում 1915 թվականին լույս տեսած հրատարակությունների մասին։ էս հաշվետվությունից երևում է, որ հայերը, իրենց հրատարակած գրքերի թվով, իրենց հարևան ժողովուրդների մեջ վերջին տեղն են բռնում։