Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/327

Այս էջը սրբագրված է

բողոք էի դարձել․— Այստեղ աստծո մատն է խառը, շուտ-շուտ կրկնում էին տերտերները, իրականությունից խույս տալով— եթե աստծո մատը խառը լիներ, դուք քահանաներ չէիք լինիլ, ասացի ես, այստեղ էլ չխոսացին, այլ մի բան որոճալով լուռ ցրվեցին, դուք ի՞նչ եք կամենում, հարցնում են մյուս օրն ինձ,— այն, որ մի նոր Մակար[1] չունենանք․ և այլն և այլն․ նորից կատաղեցան․ որ մինն ասեմ։ 365 հայրապետների նզովքը[2] դրանց ամենալավի գլխին, մի խոսքով։

Որ փողոցովն անց ես կենում, հարցնում են «ընչական ես»․ զարմանալի է․ այս մարդիկը կարծում են, թե ոչ թե թերթն է պատկանում մարդկանց, այլ մարդիկ թերթին, այնպես, ինչպես անասունները արածացնողին։ Բան է, թե որ քեզ ցույց տվիր մի հարցում համակիր մի որևէ թերթի, էգուց այդ թերթի խըմբագիրը մի հիմար բան արավ — քեզ վրա են ծիծաղում․ ի՜նչ լոգիկա, կարծես ես խմբագրի կամքը լինեմ կամ գիտությունը։

Այս նամակս գրում եմ բոլորովին խառնի-խուռն և նամակի արժանի նյութեր թեև շատ կան, բայց տրամադրված չեմ կարգով արձանագրելու, սրանից հետո կաշխատեմ խոսալ դեռ քո և իմ մասին․ այսինքն քո նամակներիդ արած տպավորությունների մասին և իմ կատարած մեծագործությունների– գրականական աչքի ընկնող երևույթների վերաբերությամբ և նշանավոր հասարակական ընթացիկ անցքերի։

Այս նամակիդ մի քանի կետերը անկեղծ զգացմունքդ էին բերել և Ռուսաստանի քաղաքներից մեկի անունով ամբողջ Ռուսիայի ներքին վարք ու բարքի և ներքին քաղաքական ուղղության արտասվելի գաղափարը։

Ծերության օրերում[3] ես էլ հրապուրվել եմ կամ թեկուզ սիրահարվել, բյսյց սա զուտ ճաշակի զմայլմունք է և․․․ է՛հ, ուրիշ ինչ անենք։ Հետո ինչ դուրս, կգա չգիտեմ, միայն առայժմ մի քանի՛ ոտանավոր են դուրս, եկել։

Այսօր առավոտյան գրասենյակն եկա, և մենակ լինելով մի սորումը[4] վեց թերթից մի վեպ գրեցի, առանց ստորակետ դնելու։ Այս վեպիկը պատմում է «Գյուղացու ձախորդությունը»[5]։

  1. Մակար կաթողիկոս (1813—1891) ― Կաթողիկոս է օծվել 1885 թվականին։
  2. Ըստ եկեղեցական պատմության եղել են ոչ թե 365, այլ 318 հայրապետներ։
  3. Բանաստեղծը հումորով է արտահայտվում իր երիտասարդության մասին։
  4. Մի սորում ― մի շնչով, մի թափից, միանգամից։
  5. Խոսքն, ըստ երևույթին, «Մուրճի» 1893 թ. № 5-ում տպագրված «Սովի ժամանակից» զրույցի մասին է։
820