Ա՛յ տղա, քիչ էր մնում մտահան անեմ․ ընկերներիդ բարևիր իմ կողմից և մյուս նամակով դրանց անվան և ծառայության ցուցակն ուղարկիր։
1893 թ. նոյեմբերի 18 | 93 XI/18 Թիֆլիս |
Բաց նամակիս չպատասխանեցիք․— չգրեցիք, թե ինչ է գրքի գինը, որերորդ տպագրությունն է կամ ինչ անեմ գրքերը[1]։ Գրաշարն ասում է, որ երես չկա ուրիշ, իսկ գինը չկա, որովհետե բաժանորդների համար է։ Կազմարարին արգելել եմ գրքերը կազմելու, մինչև Ձեզանից պատասխան ստանամ։
Հ[այր] Բեկնազարյանին շատ անհաջող փորձերից հետո հազիվ տեսա այսօր, ասաց, որ ինքը չի կարող Տեր-Ղևոնդյանից փող ստանալ, դուք գրեցեք, թողեք Տեր-Ղևոնղյանը փողը բերի տա իրան։
Արասխանյանին կտեսնեմ և «Մուրճ»-ից արտատպելիս Ձեր կյանքի գլխավոր գծերի սրբագրությանը[2] նորից կնայեմ։
«Խավարամիտների գլխացավը» հանձնեցի «Մշակ»-ի խմբագրությանը և խմբագրատանը կարդացի այն տողերը, որ իրանց էր վերաբերում[3]։ Առհասարակ Հայրիկի[4] և Արիստակեսի[5] հաշտության լուրը ուրախացրեց տրտմած կուսակցությանը։ Գրել եք, թե կուսակցության կարոտը քաշում եք և տխուր եք։ Տխրում ենք Ձեր տխրության համար, իսկ ինչ վերաբերում է կարոտին, կարող եմ հավատացնել, որ կուսակցությունը չի մոռանում յուր սիրելի Քյոռօղլուն․ հիշում է ամեն խնջույքում, մանավանդ երբ տողերիս գրողն էլ վեր է անում յուր գազարակերի ձայնը և հանդգնում է Քյոռօղլու երգը երգել…
Ֆիլիպը[6] շնորհակալ է շնորհակալության համար։ Այժմ
- ↑ Խոսքը «Արություն և Մանվել»-ի 1893 թ. հրատարակաթյան մասին է։
- ↑ Ակնարկում է Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» գրքի սրբագրությանը։
- ↑ Պահպանողականների դեմ ուղղված՝ Աղայանի հիշյալ հոդվածը տես Մշ, 1893, դեկտեմբերի 21, № 23, «Նամակ խմբագրության» խորագրի տակ։
- ↑ Հայրիկ-Մկրտիչ Խրիմյան (1820—1907) ― կաթողիկոս։
- ↑ Արիստակես Սեդրակյան (1844—1906) — արքեպիսկոպոս։
- ↑ Ֆիլիպ — Փիլիպոս Վարդազարյան։ Տե՛ս 3-րդ նամակի № 1 ծանոթագրությունը։