Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/333

Այս էջը սրբագրված է

ուրախությունը հայտնելուց հետո— սկսեց հայհոյել աջ ու ձախ, որ բոլորն էլ «աղքատ շներ» են, ձեռով փող է տալիս ու ոտով ետևից ման գալիս չի կարողանում ստանալ։ Բանից երևաց, որ այդ «անվանի» մարդը մի տուն է վեր գրել տվել 150 մանեթով— տանըցոնց նստացրել չոր քարին։ Բայց ինչ է տվել դա յուր պարտապանին— 8 տարի առաջ 10 մանեթ փող։ Ութ տարվա ընթացքում պարտապանից ստացել է մի խալիչա, մի կով, 20 օրվան մշակություն և այլն— այժմ էլ տունը վեր է գրել 150 մանեթով։ Սա սկսեց մի զարմանալի չարախնդությամբ ու պարծենկոտությամբ նկարագրել, թե ինչպես «ղանջղը»[1] (պարտապանի կինը) որ տեսավ դուռը կտրեցին, ուզում էր ծածուկ շորերից հարևանի տունը փախցնել, բայց ինքը յուր ղարաուլներով իսկույն բռնեց, և նա նստելով յուր ձեոքի շորերի վրա սկսեց ղարաչու[2] նման ծղրտալ․․․ կամ թե ինչպես էին լակոտները լվլվում տան միջին ու փախչում դես ու դեն․․․ այդ բոլորը յուր ուժիցն էին պատեպատ ընկնում։ Իհարկե, ես համաձայն էի նորա հետ, որ բոլորը պատմեր և նա շատ բաներ պատմեց։ Եվ պատմեց և տեսա— թե ինչպես յուր կինը համաձայն էր (այդ խնդիր է) յուր հարևանի կնոջ հետ մարդու ունեցած հարաբերությանը, որ կատարվում էր յուր, համարյա թե ներկայությամբ, և այդ բանն էլ գիտեր յուր հարևանը (մարդը)։ Ես սկզբում չէի հավատում– բայց շուտով ականատես եղա և հավաստիացա։ Նա ինձ հետ ուրիշ շատ բաներ խոսաց, ես էլ շատ բաներ տեսա, որ այժմ չեմ գրում։ Բայց այն գիշեր իմ քունը չտարավ։ Անկողնից ելա, շատ ման եկա դուրսը— մի՞թե սա է այն բարոյական, անվանի տունը, անդադար գլխումս մուրճի նման զարկում էր այս հարցը։ Այս ժամանակ դարձյալ մի այլ տեսարան, որ կպատմեմ հետո, լրացրեց ամեն բան։ Այս մի դեպք է, թերևս, սովորականներից մեկը, բայց շատ խոր ազդեց ինձ և շատ է բնորոշում մեր ապականված, ստոր կյանքը։ Ինչ լավ բան է եղել, հիմար աղմուկը, անմիտ զվարճությունը, անհոգ, անփույթ վայելքը, եթե ոչ, մարդ կարող է խելագարվել։ Որ ասում եմ խելագարվել, դու չկարծես

  1. անզգամ կին
  2. աներես
826