Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/334

Այս էջը սրբագրված է

այս և սույնանման դեպքերն եմ հիշում– ուրիշ շատ ու շատ հիշողություններ ու մտածմունքներ կան գլխումս խառնված։

Մի լավ ամենօրյա զվարճություն ունեմ– այդ որսորդությունն է— իսկապես թափառելը անտառներում, սար ու ձորերում։ Մտնում եմ մենակ ամենավտանգավոր տեղեր, և այդ ինձ մի առանձին բավականություն է տալիս։ Մի տեղ էի գնացել․ երբոր իմացան տանըցիք ու գյուղացիք արգելեցին, որ մյուս անգամ մենակ չմտնեմ այնտեղ, որ հայտնի արջանոց է և կասկածավոր տեղ է։ Ես մյուս օրը թաքուն դարձյալ գնացի այնտեղ– թեև մի քիչ էլ մի բանից վախեցի։ Այստեղն ինձ համար մի սիրելի զբոսավայր է դարձել։

Լսեցի, որ իմ գրած վաճառականությունը չես ընդունել։ Ինձանից ավելի խելոք ես եղել։ Բայց եթե դու այստեղ ունենայիր մի այլ հավատարիմ, հմուտ ու փորձված մարդ, դարձյալ խորհուրդ կտայի, որ այստեղ մի գործ բռնեիր։ Այսպիսի դեպքեր քիչ կպատահեն։

Արդեն պատրաստվում ենք կամաց-կամաց, այսօրվանից մեր գալը հազիվ երկու շաբաթ տևի։ Ավելի շուտով էինք գալու, բայց մեր փոքրիկը (Արտավազդը) հիվանդացավ, սպասեցինք նրա աաւղջանալուն։

Տանըցիք արդեն վերադարձած կլինեն, ուստի բարևիր մեր կողմից մայրիկին, տիկին Շուշանիկին, օր․ Մարիամին, Ստեփան Խրիստաֆորիչին, Գրիգոր Խրիստաֆորիչին[1], Լևոն․․․ իչին ե Աքելին[2]։ Բարևում ենք նույնպես տիկին Լիզային[3] ու պ․ Սանդրոյին[4] իրանց գերդաստանով։ Իսկ ինչ վերաբերում է քեռուն— ես կգամ կբարևեմ։ Առաջնորդը[5] մեր տանն էր․ մազալու բաներ կպատմեի, գրելու տեղ չկա։ «Հորիզոնն» ուզեց․ «Բորչալվում»[6] հոդվածը կարդաց ու հիշատակարանում նկատողություններ արավ։

Ի վերջո համբույրս։

Քո Հովհաննես
  1. Ստեփան Սուլխանովի եղբայրը։
  2. Յարղուլյան. — Փ. Վարդազարյանի մորեղբոր որդին։
  3. Տիկին Լիզա Թամամշյան — Փ. Վարդազարյանի քույրը։
  4. Սանդրո֊Ալեքսանդր Ստեփանյան («Սև Սանդրո») — գրասեր գործակատար, մոլի մշակական։
  5. Տե՛ս 2-րդ նամակի № 7 ծանոթագրությունը։
  6. «Բորչալվում» հոդվածը տե՛ս «Հորիզոն» հանդես, 1894 թ․, գիրք առաջին, էջ 149-167։
327