Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/361

Այս էջը սրբագրված է

հենց այդ եմ ուտում, թեև ձուն ու մածունը դժվար են ճարվում։ Մի խոսքով շատ լավ եմ. ջուրն էլ է օգնում, օդն էլ, բայց մանավանդ ազատ լինելը։ Գիտեք, 13 տարի է, ինչ որ ամուսնացել եմ, ես ազատ լինելու հաճույքը դեռ չեմ զգացած։ Այժմ էլ թեև ինձ ազատ չեմ զգում ընտանիքիս հոգսից, բայց գիտեմ, որ նրանք էլ լավ են, և միայն կարոտ է, որ զգում եմ, ոչ թե ծանրություն, որ զգացել եմ միշտ։ Իսկ կարոտը ինձ համար ամենաթանկագին զգացումն է։ Առհասարկ հագուրդը, կուշտ լինելը— ավելի ճիշտ— հղփանալը իջեցնում է մարդուն ներքև։ Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան։ Իդեալներն ի՞նչ են որ,— հոգու կարոտներ։ Եվ հենց սրա համար է լավ մենակությունը, մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լա՜յն, խաղա՜ղ, անվրդո՜վ ծփում է և սիրտը քաղցր-քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով։ Եվ այդ րոպեների մեջն է, որ հայտնագործություններ են անում մարդիկ, ստեղծագործում են, իհարկե, ևս առավել բանաստեղծ մարդիկ։ Նիցշեն ասում է. «Բոլոր բանաստեղծները հավատում են, թե ով որ կանաչի մեջ լեռան մենավոր լանջում պառկած հսկի, երկնքի ու երկրի մեջ գոյություն ունեցող շատ բաներ կիմանա։ Եվ երբ բանաստեղծներին տիրում է քնքուշ տրամադրությունը, նրանք միշտ հավատում են, թե բնությունն ինքը սիրահարված է իրանց վրա ու իրանց ականջին շշնջում է խորհրդավոր, սիրային–շողոմարար ճառեր— և դրանով թըռչում են նրանք մահկանացուների առաջ»։

Բայց պետք է ասեմ, որ ես չկարողացա մենակ լինել։ Շատ մարդիկ ծանոթացան և այժմ արդեն ծանոթների մի մեծ շրջան ունեմ այս փոքրիկ ամառանոցում, որ չեն թողնում… տխրեմ։

Լավ է, որ Դուք խաղաղություն եք վայելում, բայց ափսոս, որ մոծակները նեղացնում են, կամ ինչպես Դուք գրում եք՝ «այդքան փոքրիկ արարածները թունավորում են մարդու կյանքը»։ Այդպես է. փոքրիկ արարածներն են կյանք թունավորում– մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ։ Բայց շատ միք հուսահատվիլ. տեսնո՞ւմ եք, մի թեթև քամի է

361