Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/366

Այս էջը սրբագրված է

¹Ես հավանում եմ այդ տենչանքը, գուցե իր մեծության համար միայն, որովհետև իմ հոգին այժմ հակառակ տրամադրությունն անի — անհագուրդ կարոտի, պապակող ծարավի, անսփոփ տառապանքի ցանկություն։ Այս պատճառով էր թերևս, որ ֆրանսերենից արած թարգմանությունդ էլ ինձ չհրապուրեց¹.— մեղկություն է շնչում, թուլամորթի մեղկություն։ Տռփանք է ուզում, որ աշխարքի չարությունը մոռանա։ Զարն ու չարչարանքը մոռանալու այս միջոցը դժբախտաբար ես լավ գիտեմ, շատ եմ փորձել։ Հիվանդական երևույթ է և այժմյան գեղարվեստը բնորոշող։ Ինձ էլ դուր չեն գալիս դրանք։ Ննջարանի հոտ է գալիս։ Չգիտեմ ում խոսքերն են, այստեղ միտս եկան, ասում է — ջարդեցե՛ք պատուհանները, այդ ծանր օդից դուրս եկեք մաքուր օդը, պարզ երկնքի տակ…

Այսպիսով է, որ мышление — страдание-ն դառնում է мышление — наслаждение ու բարձրանում է մարդու հոգին, դառնում է տղամարդ։ Այսքանը քո երկու բանաստեղծության մասին։ Իսկ իմ ուզած կարոտը ուրիշ բան է — նա իդեալացնում, աստվածացնում է սիրո առարկան ու քնքշացնում, ազնվացնում մարդուն, թռիչք ու ձգտում է տալիս հոգուն։

Սրանից հետո, չգիտեմ ինչու ես դու կարծում, որ ես Անուշի վրա սիրահարված եմ (այն էլ չափից ավելի)։ Այո՛, ես սիրահարված եմ մի աղջկա վրա, բայց նրա անունն էլ Անուշ չի, ոչ էլ սերս չափից ավելի։

Այժմ, այս շրջանում, և բավական ժամանակ է առհասարակ, ես չեմ կարողանում գրվածքներիս կամ գրելիքներիս վրա սիրահարվել։ Սա իհարկե դժբախտություն է, և ես ամենակողմանի կերպով հասկանում եմ ընչիցն է, բայց այսպես է։ Մի ծանր, մռայլ անտարբերություն, մի դաժան սառնություն ծիծաղում է, շնչում է իմ բոլոր ձգտումների ու հուզմունքների վրա և պաղեցնում, սառցնում։ Ես զգում եմ, որ մեռած չեմ իբրև բանաստեղծ, բայց կաշկանդված եմ։ Քեզ հետ արդյոք մղձավանջ չի՞ պատահել (кoш мар). զգում ես, որ ապրում ես, բայց չես կարողանում շարժվել, շունչդ լսում ես, բայց չես կարողանում գոռալ։

Ասում ես մի՛ տխրիլ, որ դավաճանում ես քեզ իբրև ազգային բանաստեղծի։ Ես չեմ տխրում, որովհետև խոր ու լայն զգում

366