Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/383

Այս էջը սրբագրված է

(Աբովյանի սիրած Զանգին), հիշում եմ Աբովյանի՝ Զանգվին նվիրած կրակոտ տողերը, հիշում եմ Ալիշանի

«Հրազդա՜ն, գետակդ իմ հայրենի,
Հրագդա՜ն, ջըրիկդ իմ անուշիկ…»։


Նայում եմ Արարատյան դաշտին, մտքովս անց են կենում մեր պատմության փառավոր շրջանները, կենդանանում են հոյակապ հերոսները, որ ապրել ու թաղվել են այդ դաշտում, սրտիս խոսում են սքանչելի լեգենդները, որ դեռ ապրում են այստեղ։ Վերջապես դեմուդեմս ամպերից բարձր փայլատակում է Մասիսը, ծերունու քմահաճույքներով մին մթնում, մռայլում, մին բացվում ու ժպտում, բայց միշտ սիրուն, միշտ խորհրդավոր,— այնինչ աշուղը, հայոց կույր աշուղը, երգում է․

«Գողգոթայից բարձր է Սասանի սարը,
Գողգոթայից դըժար է Սասունի սարը,
Իմ խաչն առած ես բարձրանում եմ
Սասունի սարը…»։


Նույն օրն ևեթ ինձ ման ածին ու ցույց տվին Երևանի նշանավոր հիշատակարանները։ Տեսա Սարդարի պալատը, մի սքանչելի հնություն, որ արդեն կորչելու, քանդվելու վրա է։ Ռուսները չեն պահում։ Տեսա հարեմը, այսինքն հարեմի փլատակ, փոքրիկ, կամարակապ սենյակները, ուր այնքան գեղեցկուհիներ հառաչել են ու անիծել, տանջվել են ու թաղվել այդ լայնարձակ դժոխքում, որ իր մութ ու տարտարոսական շինություններով ահագին տարածություն է եղել բռնած։ Տեսնո՞ւմ ես, ինչ լավ ժամանակ ես ծնվել դու։

Այդ առաջին օրը։ Մնացածը հետո, թե ինչեր եղան։ Ամեն անգամ, երբ ընկնում եմ մեր գավառները, խիղճս ինձ տանջում է, որ տեսնում եմ ինչպես են վերաբերվում, ընչեր են սպասում, այն ինչ մենք…

Նոր Հայրիկի³ մոտ էի. հիվանդ է։ Վաղը գնում ենք խմբով