Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/391

Այս էջը սրբագրված է

ուսումնարանը։ Իմ մտքովն ուսումնարան չի անցել։ Իսկ թե ես ինչ եմ ուզում, կամ քո խոսքով ասենք, ինչն է իմ ձեռքը կապում, այդ մասին էլ չեմ ուզում խոսել, որովհետև այդ հարցը ինձ հոգնեցրել է, և ընդմիշտ հոգնեցրել։ Իմ լավագույն ուժերն ու տարիներն անցել են արդեն, իսկ ինչ որ աոաջս կա, ով գիտի այն էլ ինչ է լինելու։

Լավ ես ասում՝ թե կյանքը—կյանք է։ Բայց մի՛ մոռանար, որ մարդն էլ մարդ է։ Մարդ հոգնում է, փոխվում է, կոտրվում է, և մինչև անգամ մեռնում. այնուհետև դարձյալ կյանքը— կյանք է, բայց մարդը— էլ որտեղ է…

Չէ, քիչ մխիթարանք կա դրա մեջ։

Քո Օնաննես

28. ՓիլԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՑԱՆԻՆ

Շուլավեր —Թիֆլիս

[1904 թ. օգոստոս]

Սիրելի Ֆիլիպ.

Դու ընդհանուրի մասին ես հարցնում իմ կարծիքը, ես էլ ընդհանուրի մասին կարճ մի կարծիք կհայտնեմ, թողնելով ավելի ընդարձակն ու մանրամասը հետոյին։ Դու հետևելով որոշ սիստեմի՝ պարզում ու ծանոթացնում ես ընթերցողին քո առարկայի հետ, մերթ-մերթ, արանքներում հայտնելով քո կարծիքներն ու տպավորությունները։

Ընդհանուր առմամբ դու քո բանաստեղծին նկատել ու ճանաչել ես շատ ճիշտ, որ նա իր ժողովրդի թշվառության երգիչն է, թախիծի, վշտի բանաստեղծ, որ այդ թախիծը, այդ տխրությունը ունի զանազան աղբյուրներ, բայց բոլորը մի տեղից են գալիս ու մի տեղ գնում և այդ է մեր—հայկական կյանքը, հայ–