Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/400

Այս էջը սրբագրված է

թյուն Անդերսոնից կարծեմ) «История погибших цивилизаций Востока», էդ ուղղությամբ բաներ կադա երեխաների - մեծերի համար ու նրանց բացատրի — էս ձևը քեզ սաստիկ շատ կօգնի, քեզ համար կբացատրվի։ Դու առհասարակ շատ մեծ նշանակություն ես տալիս մի որեէ տեղ գնալուն, կգնաս, մի վախենար, բայց էդքան էլ նշանակություն մի տալ։ Մեր տունը քեզ համալսարան։ Կարդա բույսերի, կենդանիների կյանքից, ի՛նչ քան բան ունենք։

Երևի մայրիկը ժամանակ չունի, որ նամակ չի գրում։ Երկու շաբաթ էր ձեզանից նամակ չունեի։ էս րոպեին բերին ցուցակը, որ (չորս օրը միանգամից) ճաշերս պատվիրեմ։

Հա՛, Նանիկ ջան, լեզվիդ մասին ասում ես դարդ է դառել6։ Ի՛նչ դարդ, ուզենաս կուղղես էլի. դրանից էլ հեշտ բա՞ն։ Իսկ եթե չուղղես, իհարկե, դարդ է ու դարդ էլ կմնա, գուցե էնքան քեզ համար չէ, ինչքան մեզ համար։

29 փետր. առավոտ. էս օրվանից էլ սկսեցի մածուն մերել։

Մոռացել էի թե շարունակեմ — հավաքում են։

Կարոտով համբուրում եմ ամենքիդ և Սեդիկին ու Թամա–

րին։

⟨քո հայրիկ〉

28, ՕԼԳԱ ԵՎ ԱՐՏԱՎԱՋԴ ԹՈԻՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Պետերբարգ—Թիֆլիս

1912 թ. մարտի 7.

7 մարտի Սանկտ. Պետերբարգ

СПБ Дом предварительного заключения

Օլյա ջան.

Մարտի 5-ին վերջացավ գործի քննությունը և սկսվեցին ճառերը։ Առաջին՝ մեղադրական ճառն ասում է պրոկուրորը։ Արդեն երկու օր է շարունակվում է նրա ճառը, տեսնենք երբ կվերջանա։ Հետո կխոսեն պաշտպանները, իսկ վերջին խոսքը կլինի մերը։ Երեկ Աշխենն ու Մուշեղը մոտս էին, իսկ ամեն օր