36. ՀԵԻՂնԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻ
Թիֆլիս-Բաքու
Հեղինե ջան.
Ճշմարիտ որ՝ էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում։ Առաջ Վան, հետո ամառն՝ էջմիածին, նրանից հետո մի եղբորս սպանությանը, ապա մյուսի սպանությունը, տունը կատարյալ անտեր— միայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում, տղերքս դես-դեն ցրված ու վտանգի տակ, տանը խմբերով հիվանդ— էն էլ ամիսներով, վերջապես հետն էլ էնպես պատմություններ, որ իսկի գրելու բաներ չեն— մի խոսքով էս վերջին ամիսները գնան ու ետ չգան։
Բայց, Հեղինե ջան, շատ ճիշտ ես նկատել, անպատմելի մի վիշտ է դարձել ինքը—մայրս։ Սրտիցը գիժ ե իրար ետևից էսքան ցավ ու կրակ։ Փոքր եղբորս—օֆիցերի— սպանվելը թաքցրինք, մարմինը Արխավեյից Թիֆլիս բերինք՝ հողին պահ տվինք. գյուղը չտարանք։ Որոշեցինք մորս մահից հետո տանել։ Այժմ տանել ցույց տալ կամ իմացնել՝ էդ միևնույն է թե նրան էլ գնդակահար անել սպանել և կամ խելագարացնել, որ ավելի վատ է։ Բայց նա մի հատկություն ունի, որ նրանից բան թաքցնել չի լինում։ Նախազգացում ասեմ, նախատեսություն թե պարզատեսություն, իր մոտիկներից որի հետ մի բան պատահի, որտեղ ուզում է լինի, նա արդեն վաղօրոք գիտի։ Երազի ձևով լինի թե նախազգացումի–գիտի։ Ես էլ զուրկ չեմ էդ ընդունակությունից, և վերջին բոլոր մեզ հասած դժբախտությունները ոչ միայն օր առաջ գիտեի, այլև մերոնց ասել էի, թե էսպես բան պետք է պատահի, մինչև անգամ որոշ կարգադրություններ էի արել։ Այժըմ մայրս, էլ հենց սպանելու օրից գիտի, որ Արտաշեսն սպանված է, շարունակ պնդում է, ապացույցներ է պահանջում, որ ցույց տանք թե կենդանի է, և շատ դժար է լինում խաբելը։