Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/60

Այս էջը սրբագրված է

Այդ հերիք չէ դեռ։ ժողովուրդն էլ են կեղծում։

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ։

— Տեսե՛ք, ժողովուրդը մեզ հետ է. Դե եկեք, ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։ Եվ ո՞վ պիտի ջոկի, ե՞րբ, ո՞ր մի տեղը… Կեղծի՜ք ու խաչագողություն՝ ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի։

Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես… Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա։

Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ։

Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը։

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ

Ասպետական զգացմունքը պակասում է մեր մեջ։ Մեր մարդը սիրում է խեղճությունն ու լացը և զարդարվում է նրանցով։ Եթե ուզում է մեկին էլ հարգանք ցույց տա, նրան էլ ճգնում է ցույց տայ խեղճ ու ողորմելի։ Այս տգեղ հատկությունը մեծ չափով հանդես եկավ հանգ<ուցյալ> Պռոշյանցի թաղման օրը։

Բաց գերեզմանի եզերքին աշխատում էին վեր հանել վիպասանի փառքն ու տաղանղը և… մինը գոռում էր, թե նա ածուխ էր վաճառում, մյուսը աղաղակում էր, թե նա դռնե դուռն էր ընկած, երրորդը նրա ընտանիքը նմանեցնում էր «ցիգանի ընտանիքի», չորրորդը հավատացնում էր, թե նա մերկ էր, հինգերորդը ողբում