էր, թե սոված էր, իհարկե, վեցերորդին էլ մնում էր եզրակացնել, որ այդ բոլորից նա մեռավ…
Ապա լալկանության ու հառաչանքի ողորմուկ ձայնը, սովամահի ու մերկության ողբը տարածեցին ամբողջ գրականության վրա. էլ ապրողների «թշվառ վիճակը», էլ մեռածների «դողդողացող ուրվականները»… այնտեղից էլ մամուլի մեջ. «երկու կոպեկը» ձեռքին Րաֆֆին, անկոպեկ Արծրունին…
Ընչի նման է այս․ այս խեղճ ու անճարակ աղմուկը, որ սւմեն անգամ բարձրանում է այս կամ այն գրական մարդու դագաղի վրա— այսքան սուտ և այսքան տգեղ ու վիրավորական միանգամայն։
Ես ճանաչում եմ գրեթե բոլոր հայ գրողներին։ Նրանք ընդհանրապես, ոչ թե մերկ ու սոված չեն լինում, այլ մինչև անգամ վատ չեն ապրում։ Այո՛, նեղություններ են քաշում։
Բայց ո՞վ չի նեղություն քաշում իր մասնավոր կյանքում։ Զարմանալի կամ զարհուրելի ի՞նչ կա այստեղ։
Ահա ե Պռոշյանցը։ Մեռավ։ Ո՞վ է ասում, թե նա քաղցած էր կամ մերկ։ Ով որ էլ լինի— սուտ է ասում։ Իսկ թե եղել է այս կամ այն պաշտոնին– ինչ կա արտասվելի։ Եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապես ամենասոսկալին, մի քանի օրով, ի միջի այլոց, ածուխի առուտուր Է սկսել և տեսել Է օգուտ չի անում, թողել Է։ Այդ հո չի նշանակիլ, թե նա սոված Էր կամ տկլոր։ Ուրեմն դուք ինչ կարծիք ունեք Էն մարդկանց վրա, որոնք մի որևէ պաշտոն ունեն կամ մի առուտուր են անում։ Ամենավատ դեպքում Պռոշյանցն էլ կամեցել է առուտուր անի։ Ի՞նչ անենք։ Նույնիսկ էն ժամանակ էլ, երբ և՛ Ներսիսյան դպրոցում ուսուցիչ էր, և՛ թոշակ ուներ, և՛ հոբելյանից ստացած հազարներն էին ձեռքին, նա մի երկու առուտուր փորձեց ու վնասվեց, թողեց։ Այդ մի՞թե կնշանակի, թե նա թշվառ էր, մերկ ու քաղցած։ Ո՛չ, միայն մի ձեռնարկություն սխալ ու ձախորդ։
Ո՛չ, սոված ու մերկ չեն հայ գրողները։ Եթե այդպես եք կարծում, կարող եք հանգիստ լինել։ Դժբախտությունն այդ չի, այլ այն, որ գրականությունը ապրուստ չի տալիս գրողին, ինչպես մի երկուսն էլ, ի միջի այլոց, նկատեցին իրենց ճառերում, և գրողը