Քրիստոս հարյավ… Ա՜խ, և այս հոծ
Մութ-մըռայլից, երանի,
Հառներ հոգիս կըրակ ու բոց,
Զըվարթ հոգիս երբեմնի։
5
Եվ, երանի, նույն սաստկությամբ
Սիրո կիրքը ևս հառներ,
Երկինքս էլի դառնար անամպ,
Միտքըս ուժգին սավառներ…
— Լո՛ւռ կաց, անմիտ, ի՜նչ ես լալիս
10
Վըհատ ձայնով ծերության,
Դեռ քո ճամփին լույս է տալիս
Ճառագայթը վաղորդյան։
Եվ մըռայլից, որ կա իջած
Ծանր ու տարտամ քո սըրտին,
15
Պիտի հառնեն տանջված, խաչված
Ցընորքները քո նախկին։