Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/16

Այս էջը հաստատված է

քանի ժողովածուներ (օրինակ՝ «Ընտիր երկեր», 1953, «Երկեր։ Երկու հատորով», 1958 և այլն) բնագրային առումով հենվում էին վեցհատորյակի վրա և որևէ նորություն չէին պարունակում։ Նույնը վերաբերում է նաև բանաստեղծի երկերի բազմաթիվ առանձին հրատարակություններին։

1969 թ. Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ տպագրվեց նրա երկերի ժողովածուն չորս հատորով (խմբագրությամբ Ա. Ինճիկյանի և Էդ. Ջրբաշյանի), հետևյալ բովանդակությամբ, հ. 1 — պոեմներ և բալլադներ, հ. 2 — բանաստեղծություններ, հ. 3 — պատմվածքներ և հեքիաթներ, հ. 4 — հոդվածներ և նամակներ։ Այս հրատարակության մեջ փորձ արվեց վերստուգելու Թումանյանի երկերի բնագրերի հետ կապված մի շարք հարցեր, սկզբնաղբյուրների հիման վրա բնագրերի և ծանոթագրությունների մեջ մտցվեցին բազմաթիվ ճշտումներ և լրացումներ։ Սակայն քառահատորյակի մասսայական բնույթը, բնականաբար, հնարավորություն չէր տալիս լուծելու այն բոլոր հարցերը, որոնք պետք է տեղ գտնեն գրողի ժառանգության գիտական հրատարակության մեջ (այսպես, հատորներում չկան տարբերակների և բնագրային տարբերությունների բաժիններ, խիստ սեղմ են ծանոթագրությունները և այլն)։

Հետագայում հրատարակվեցին Թումանյանի երկերի ժողովածուներ մեկ (1978), երկու հատորներով (1985), որոնց կազմող Լ. Հախվերդյանը հենվել է 1969 թ. քառահատորյակի բնագրերի վրա։

Դեռևս 60-ական թթ. սկզբին, երբ հանրագումարի էին բերվում Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության արդյունքները, պարզ դարձավ, որ այն շատ կողմերով թերի է, և մոտ ապագայում պետք է դրվի բանաստեղծի գրական ժառանգության նոր, իսկապես լիակատար և ակադեմիական հրատարակության խնդիրը։ Բայց դրա իրագործմանը կարելի էր ձեռնարկել միայն երկարատև ու բազմակողմանի նախապատրաստական աշխատանքից հետո։ 1962 թվականից սկսվեցին պարբերաբար գումարվող թումանյանական ընթերցումները, որոնք կազմակերպում են

14