Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Էն ճյուղաշատ ծառի տակին,
Երբ գընացինք դիմավորենք
Նոր գարունքին ու նոր կյանքին։
5
Էն լավ օրից տարիք անցած,
Ես էն ճամփով անցնում էի,
Ու ականջիս դիպավ հանկարծ
Մեր աղմուկը ուրախալի…
Պարզ ու որոշ ես լըսեցի
10
Մեր կենդանի ձայներն, ընկեր,
Շըրըխկոցը բաժակների,
Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր…
Ու սրտաթունդ վեր նայեցի…
Բայց կարոտած աչքիս առաջ—
15
Հանդում դալար ու ամայի
Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ։
Լուռ ու դատարկ մարգի վրա,
Մենակ կանգնած շրշում էր նա…
Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր…
20
Բայց ո՞վ գիտի՝ ուր ես հիմա…