Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/17

Այս էջը հաստատված է

ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Հովհ. Թումանյանի թանգարանը։ Այդ ընթերցումների հիման վրա 1964 թ. լույս տեսավ «Թումանյան։ Ոսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարի առաջին գիրքը, որին (ճիշտ է, երբեմն մեծ ընդմիջումներով) հաջորդեցին երկրորդ (1969), երրորդ (1983) և չորրորդ (1985) հատորները։ Այդ գրքերում, բացի Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարբեր կողմերի լուսաբանմանը նվիրված հոդվածներից, հրատարակվում են նաև գրողի ժառանգության բազմաթիվ անծանոթ էջեր, ինչպես նաև ժամանակին մամուլում տպագրված, բայց հեղինակի կազմած ժողովածուներում տեղ չգտած մի շարք նյութեր։ Գիտական և գրական շրջանների սեփականությունը դարձան «Հառաչանք», «Դեպի Անհունը» պոեմների սևագիր հատվածներ, «Հազարան բլբուլի» հետ կապված բազմաթիվ նյութեր, «Դեպի հայրենիք» անավարտ վիպակի ծավալուն սկիզբը, ավարտուն և անմշակ շատ ուրիշ երկեր, տարբերակներ, սևագրություններ և հատվածներ, ստեղծագործական և ինքնակենսագրական գրառումներ, նամակներ, Թումանյանի հասարակական գործունեության հետ կապված փաստաթղթեր։ Այդ հրապարակումները, առանց որոնց չի կարելի պատկերացնել թումանյանագիտության հետագա զարգացումը, զգալի չափով կմտնեն նաև գրողի երկերի ակադեմիական նոր հրատարակության մեջ։

Նախորդ տասնամյակներում Թումանյանի ստեղծագործության գիտական հրատարակության ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև թումանյանագիտության ակնառու նվաճումները, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին հնարավորություն տվեցին ձեռնամուխ լինելու մեծ բանաստեղծի գրական ժառանգության այս նոր ժողովածուի հրատարակությանը, որը պետք է, ըստ ամենայնի, համապատասխանի ժամանակակից բնագրագիտության չափանիշներին ու պահանջներին։ Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուն ծրագրված է հրատարակել տաս հատորով և հետևյալ բովանդակությամբ.

15