Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/19

Այս էջը հաստատված է

Ելնելով ստեղծագործության մշակման ուղղությամբ կատարված աշխատանքի բնույթից՝ հրատարակության մեջ կիրառվել են բնագրային տարբերությունների մատուցման տարբեր եղանակներ։ Փոքրածավալ չափածո երկերի (բանաստեղծություններ, քառյակներ) ձեռագրերի և հրատարակությունների մեջ եղած տարբերությունները ցույց են տրվում ըստ առանձին տողերի։ Իսկ մեծ ծավալի երկերի, (պոեմներ, բալլադներ) մեջ կատարված փոփոխությունները բերվում են համեմատաբար ամբողջական հատվածներով և ըստ աշխատանքի փուլերի՝ առանձին-առանձին ներկայացնելով ձեռագրերի և տպագրությունների պատկերը, նրանց տարբերությունները հիմնական բնագրից։ Այն դեպքում, երբ տվյալ ձեռագրում այս կամ այն տողն ունեցել է մշակման մի քանի աստիճան, դրանք նույնպես դասավորվում են ըստ ստեղծագործական աշխատանքի փուլերի և, զանազանվելու համար, համարակալվում հայկական այբուբենի տառերով՝ ա, բ, գ, և այլն։ Եթե սևագրության մեջ հեղինակը որևէ բառի կամ արտահայտության համար գրել է երկու կամ ավելի տարբերակ, նրանց միջև վերջնական ընտրություն չկատարելով, ապա այդ զուգահեռ ձևերից առաջինը բերվում է հիմնական բնագրում, իսկ մյուսները տարվում են տողատակ։

Հեղինակի տված բացատրություններն ու ծանոթագրականները, ելնելով նրանց բնույթից ու բովանդակությունից, տեղադրվում են կամ հիմնական տեքստի հետ, կամ էլ տարբերակների և ծանոթագրությունների բաժիններում։ Իսկ բնագիրը պատրաստողների կազմած ծանոթագրությունները զետեղված են հատորի վերջում։ Հոդվածների, ուսումնասիրությունների, գրառումների և նամակների համար կազմված ծանոթագրությունների տեղը բնագրում նշվում է արաբական թվերով։ Բացատրվող բառը կամ արտահայտությունը, անհրաժեշտության դեպքում, բերվում է նաև տվյալ ծանոթագրության սկզբում։ Գեղարվեստական երկերի՝ բացատրություն պահանջող տեղերը ծանոթագրությունների մեջ մատնանշվում են տողերի համարակալման թվերով։

17

2-23