Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/191

Այս էջը հաստատված է
ԿՈՐԱԾ ՑՆՈՐՔՆԵՐ

Հեծում է մըրրիկն իմ դալար հովտում,
Թոշնել են, թոռմել ծաղկունքն իմ սիրած,
Ձըմեռ է այնտեղ, ձըմեռ՝ իմ սըրտում,
Ու լալիս եմ ես ծաղկունքըս կորած։

5 Ես ձեզ եմ լալիս, հոգուս ծաղիկներ,
Է՜յ, իմ վաղուցվան սիրուն ցընորքներ,
Եկե՜ք, ետ եկեք, մի անգամ կըրկին
Կյանքով, բուրմունքով լըցրեք իմ հոգին։

Բերեք առաջվան աշխարքն ինձ համար—
10 Արևի շողեր, գարունքվա դալար,
Ջըրերի կարկաչ, հավքերի երամ,―
Իմ հույսերն անհուն, իմ սերն անթառամ
Եվ իմ սիրուհին, որ միայն դուք գիտեք,
            Եկե՜ք, ետ եկե՛ք։

15 Ձեզ ո՞վ հալածեց, ո՞ր դաժան քամին,
            Ո՞ր չար թըշնամին—
Շընչում է մըրրիկն իմ անուշ հովտում.
Թոշնել են վաղուց ծաղկունքն իմ սիրած.
Ձըմեռ է այնտեղ, ձըմեռ՝ իմ սըրտում,
20 Ծաղիկ ու ցընորք— բոլորը կորած…

185