Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/204

Այս էջը հաստատված է


ԸՆԿԵՐԻՍ


Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի,
Վառ երազների մըտերիմ ընկեր,
Դու էլ ինձ նըման պանդուխտ ու գերի,
Անզուսպ կարոտով ձըգտում ես միշտ Վեր։

5 Այնտե՜ղ, մեր հոգու սուրբ հայրենիքում,
Խաղաղ օրերի պայծառ լույսի տակ
Ապրում է սերը, ժըպիտը ծաղկում,
Ուրախ երգերը թընդում ներդաշնակ…

Բայց, ա՜խ, նա այնքան, այնքա՜ն է հեռու,
10 Ու՝ մինչև այնտեղ կըհասնենք մենք դեռ,
Այնքա՜ն ենք լալու, այնքա՜ն տանջվելու,
Իմ տանջանքների մըտերի՛մ ընկեր։

198