կարելի է հանդիպել ոչ միայն աշխարհ, այլև աշխարհք, աշխարք, աշխար գրությունների, որոնցից ամեն մեկն արդարանում է տվյալ կոնկրետ բովանդակությամբ կամ հանգաբանական նկատառումներով։ Գրության այդ տարբեր ձևերը մնացել են անփոփոխ։ Այլ դեպքերում, երբ միևնույն բառի գրության անմիօրինակությունը գեղագիտական կամ կառուցվածքային որևէ դեր չի խաղում, այլ բխում է անցյալում որոշ ուղղագրական նորմերի չկարգավորված լինելուց (օրինակ՝ ճամբա-ճամփա-ճանպա, բաղդ-բախտ, թագուն-թաքուն, աղջի-ախչի, բղխել-բխել և այլն) ընտրվել են ներկայումս ընդունված գրության ձևերը։
Չափածո երկերում, գաղտնավանկերի մեջ ամենուրեք պահպանված է Թումանյանի դրած ը ձայնավորի գրությունը, որը կարևոր նշանակություն ունի ոտանավորի ռիթմը ճիշտ ընկալելու համար։ Ըստ հնարավորին՝ հարազատորեն պահպանված են նաև Թումանյանի երկերի կետադրական առանձնահատկությունները (բացի այն դեպքերից, երբ տպագրվածի մեջ սպրդել են կետադրական ակնհայտ սխալներ, և կամ սևագրության մեջ բանաստեղծն ինչ-որ պատճառով չի դրել անհրաժեշտ կետադրական այս կամ այն նշանը)։
Ներկա հրատարակության տարբերակների և ծանոթագրությունների մեջ ընդունված է պայմանական նշանների և հապավումների այն համակարգը, որը կիրառվել է նաև Թումանյանի երկերի վեցհատորյակում։
Հեղինակի փակագծերը պահպանվում են նույնությամբ՝ կլոր ( ):
Ձեռագրում ջնջված բառերը վերականգնելիս դրված են ուղղանկյուն [ ] փակագծերի մեջ։
Խմբագրության կողմից ավելացված կամ ենթադրաբար վերծանված բառերը դրված են սուր < > փակագծերի մեջ։ Հեղինակի կողմից բաց թողնված և չգրված բառերն արտահայտվում են սուր փակագծերի մեջ առնված բազմակետերով <………>, իսկ անընթեռնելի և չվերծանված բառերը՝ նույնպիսի փակագծերում, նշելով դրանց քանակը <1 անընթ.>, <2 անընթ.> և այլն։