Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/210

Այս էջը հաստատված է



ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՄԵՌԵԼԸ

Ուր որ կանգնում, նըստում եմ ես,
Ամենուրեք, անմեկին,
Աչքիս առջև դըրած է միշտ
Մի լուռ դագաղ թանկագին։

5 Օ՜, մի՛ հարցնեք՝ էն դագաղում
Ո՞ւմն է դալուկ էն դիակ,
Կամ թե ինչու ես չեմ թաղում
Նըրան ընդմիշտ հողի տակ։

Ոչ, չեմ կարող ես հավատալ,
10 Թե մեռած է նա հավետ,
Թե նա գընաց, էլ ետ չի գալ,
Թե նա չըկա էլ ինձ հետ…

Եվ ուր կանգնում, նըստում եմ ես՝
Նա մի՜շտ աչքիս առաջին…
15 Ու երբ խոսում, ժըպտում եմ ձեզ՝
Ըսպասում է իմ հոգին…

Ըսպասում է ամեն վայրկյան,
Թե ուր որ է՝ հիմի նա
Պիտի շընչի ու մանկական
20 Իր աչքերը ինձ բանա…

204