Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/274

Այս էջը հաստատված է



ՎԵՐՋԻՆ ՏԱԳՆԱՊԸ

Վեր է կացել հին վիշապը նոր թափով,
Վեր է կացել վերջին մոլի տագնապով,
Արյունըռուշտ, ոճիրներով ահավոր
Մահ է շընչում լեռներն ի վեր ալևոր։

5 Ու նրա դեմ ելած անզուսպ, անսահման,
Հորձանք տալով ամեն կողմից՝ հայության
Հին հին հույսերն ու հուզմունքը դարավոր
Ծառս են լինում լեռներն ի վեր ալևոր։

Ծառս են լինում քաջ խմբերով անձնվեր,
10 Ծառս են լինում տանջվողներով կիսամեռ,
Ծառս են լինում անընկճելի ու արի
Մինչև ճերմակ գլուխները լեռների։

Ու լեռները պառավ մոր պես վերստին
Արնոտում են գլուխները իրենց հին,
15 Միշտ խորհելով ամպերի տակ սևակնած,
Որ հենց իրենց հառաչանքն են կուտակված։

Ու ամպերում, բարձըր ուսից Մասիսի
Սլանում է մեծ արծիվը հյուսիսի
Շիտակ դեպի բարձունքները հայկական
20 Իր հետևից հայի բախտն ու ապագան։

268