Չեմ տեսնում վերջը նըրա շարքերի…»
— «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետն այնժամ,
30
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, ետ նայիր հապա,
Ետ նայի՛ր, մի տե՛ս, հայերը հեռվից
Չե՞ն գալիս արդյոք մեզի օգնության…»
Ու հոգնած ձեռքը դըրեց ճակատին,
Կըտրիճ հայդուկը նայեց դեպի ետ.
35
― «Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Տեսնում եմ ահա, ինչպես ափիս մեջ,
Սև ծովից մինչև ծովը Վըրկանա,
Մինչև Կովկասի պատնեշը ձյունոտ.
Գալիս են խումբ֊խումբ հայերը ճեպով,
40
Գալիս են ճեպով մեզի օգնության։
Իջնում են Սյունյաց մութ-մութ սարերից,
Ելնում Գուգարքի խոր-խոր ձորերից,
Շիրակի դաշտից մինչև Այրարատ,
Ու ողջ ափերը Անուշ Արաքսի
45
Անվերջ տագնապով իրար են անցնում…
Գալիս են ամեն կողմից Կովկասի,
Գալիս են հեռո՜ւ, հեռու կողմերից,
Գալիս են կարոտ պանդուխտներն ամեն,
Գալիս են ցըրված տըղերքը նորից,
50
Գալիս են՝ պարզած դըրոշն հայրենի…»
— «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետը փորձ,
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, սուր աչք ունիս դու,
Նայի՛ր դեպ հյուսիս, ավելի հեռու,
Չի՞ շարժվում արդյոք հյուսիսը հըզոր…»
55
Ու նայեց հայդուկն ավելի հեռու,
Նայեց սըրատես աչքով արծվենի։
— «Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Աչքըս չի կըտրում՝ որտեղից մինչ ուր՝
Շարժվում է, ահա, հյուսիսն ընդհանուր.
60
Հորձանք է տալիս ծովն ըռուսական,
Հորձանք է տալիս ծանր ու ահավոր,
Դեպի ամեն կողմ— ափերն հեռավոր.