Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/30

Այս էջը հաստատված է


ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
5 Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
10 Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

15 Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
20 Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
25 Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

28