Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/33

Այս էջը հաստատված է


Մինչև որ մի օր աստուծո հրամանով,
Երազ եկավ մի արդար մարդու մոտ,—
Թե այս ինչ տեղը թաղված է մի սուրբ,
Ցավերով լիքը երկրին անծանոթ։

25 Այսպիսի հրաշքով նա հայտնվեցավ
Մարդկային ազգի փրկության համար,
Եվ հռչակավոր ուխտատեղ դարձավ,
Բարձրացավ խորան գեղեցկակամար։

III

Նա անտրտունջ, ասում է հին բանը,
30 Ինչպես քրիստոնյա բարեպաշտ և քաջ,
Պահելով Տիրոջ սուրբ պատվիրանը,
Գլուխը թեքեց թշնամու առաջ։

Եվ արդար մարդիկ տեսել են աչքով,
Ասում է նույնպես ավանդությունը,
35 Որ լույս է իջել երկնային հրաշքով
Եվ բժշկում է հիվանդությունը։

Հաճախ բերանովն արժանավորի
Հայտնել է երկրին աստըծո կամքը,
Եվ ժողովուրդը գլխովին տեղի
40 Ձոնում է նրան իրան հարգանքը։

Բայց և շատ անգամ յուր զորությունը
Նա ցույց է տվել մի պատժով արդար,
Քանդելով մեկի ողջ տեղ ու տունը,
Մարդկանցն անհայտ մեղքերի համար։

45 Նա է մեղավորին տալիս պատիժը,
Արժանավորին ուզած բարիքը.
Նա է սահմանում, գործքին համեմատ,
Մահկանացուի գլխի գալիքը։

31