Քո տխուր զավակները
Խնդում էին ու հրճվում,
Երբ իմ անթև ձագուկները
25
Ճըվում էին, ճըվճվում։
Այսպես մենք հաշտ ապրում էինք
Շատ շատ գարուն ու ամառ,
Ո՛չ մի արած մեղք ունեինք,
Ո՛չ թշնամի մեզ համար.
30
Քուրդը եկավ
Սև ու խավար էն տարին,
Կրակ զարկեց, թալան արավ,
Գերի տարավ քո յարին,
[Ես լսեցի ծվծվոցը
35
Իմ սիրելի ճուտերի,
Ես լսեցի ճիչն ու կոծը
Եվ քո անտեր փոքրերի].
Վերջին օրն էլ որ ես եկա,
Սև էր էնտեղն ու դատարկ,
40
Էլ ոչ քո հին օճորքը կա,
Ոչ իմ բունը նրա տակ.
Չկա ձեր հին եկեղեցին,
Գյուղ ու դպրոց էլ չըկան,
Թուրքն ու քուրդը ավերեցին
45
Հիմնահատակ ամեն բան.
Ծիծառն այսպես երգ էր ասում
Հայ պանդուխտին վաթանից,
— Լսի՛ր, ղարիբ, լսի՛ր, ախպեր,
Լուր եմ բերել քո տանից։