Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/531

Այս էջը հաստատված է
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Հովհաննես Թումանյանի քնարական ժառանգությունը հայ գրականության պատմաբանների կողմից, կարելի է ասել, չի ուսումնասիրվել այնպես մանրակրկիտ, ինչպես նրա ստեղծագործության մյուս մասերը։ Թումանյանը համարվել է ոչ այնքան քնարական մոտիվների, որքան սյուժետավոր չափածո երկերի՝ պոեմների, լեգենդների, բալլադների անզուգական վարպետ, և սրանում որոշ ճշմարտություն, իհարկե, կա։ Հայտնի է, որ ինքը՝ բանաստեղծը նույնչափ չի գնահատել իր բանաստեղծությունները, որքան ծավալուն էպիկական ստեղծագործությունները՝ իր ժողովածուներում զետեղելով համեմատաբար քիչ թվով քնարական բանաստեղծություններ, իսկ դրանցից ավելի քան հարյուրը տպագրության չհանձնելով առհասարակ։

Եվ, այնուամենայնիվ, Թումանյանի բանաստեղծությունները հայ քնարերգության պատմության կարևորագույն մի օղակն են կազմում, առանց որի հնարավոր չէ ամբողջացնել ոչ բանաստեղծի կերպարը և ոչ էլ հայ քնարերգության՝ Հ. Հովհաննիսյանից հետո սկսված փուլը, որը կարելի է համարել ինչպես իսահակյանական ու տերյանական, այնպես էլ, լիակատար իրավունքով, թումանյանական։

Թումանյանը հանդես է եկել նախ որպես քնարերգու։ Վաղ շրջանի նրա բանաստեղծությունները, մեծ մասամբ, քնարական ներշնչանքների արտահայտություններ են։ Համեմատաբար կարճ է տևել բանաստեղծի ուսումնառության շրջանը, թեև մինչև կյանքի վերջն էլ նա ունեցել է իր սիրելի հայ և օտար բանաստեղծները։ 1890 թ. հրատարակված առաջին ժողովածուի շատ բանաստեղծություններ արդեն զերծ են նախորդների անմիջական ազդեցությունից, ինքնուրույն ու նոր խոսք են հայ քնարերգության մեջ։

Աչքի է զարնում նաև Թումանյանի հավատարմությունը նախասիրած մոտիվներին, որոնք անցնում են նրա ստեղծագործության միջով՝ առաջին «ներանձնական» բանաստեղծություններից մինչև իմաստասիրական քառյակները, «Արուսյակն» ու «Սիրիուսի հրաժեշտը»։

Այս հավատարմությունն անհնար Է բացատրել միայն բանաստեղծի խառնվածքով և հոգեկան առանձնահատկություններով։ Այստեղ հսկայական դեր ունի սկզբունքը՝ գրականության ու գրողի դերի մասին, որ

521