Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/533

Այս էջը հաստատված է

իմաստով՝ սիրային բանաստեղծություններ, որոնցում գովերգվեին սիրելիի հոգեկան ու մարմնական բարեմասնությունները, սիրո պատճառած ցավերով ու ուրախություններով բացատրվեր սիրահարի հոգեվիճակը, նրա ստեղծագործության մեջ գրեթե չկան։ Նա Իսահակյանի կամ Տերյանի նման չի այրվում սիրո կարոտից։ Մերժման ողբերգությունը խորթ է նրա բանաստեղծություններին և ոչ էլ երջանիկ սիրո խենթացնող զգացումն է դառնում ներշնչանքի աղբյուրը։ Նրա սերը խորապես ողբերգական է, սակայն այդ ողբերգության պատճառը անկատար երազը չէ, այլ այն, որ անգամ սիրո ամենաբուռն զգացումն արտահայտելիս Թումանյանը չի կարողանում ինքն իրեն դիտել որպես մերձավորի բախտից ու ճակատագրից գեթ մի վայրկյանով հեռացած անհատ, չի կարողանում լիովին տրվել սիրո զգացմանը։ Ներքին խռովքի մեջ սերն, այնուամենայնիվ, խոնարհվում է հասարակական պարտքի առաջ։ Կարելի է ասել, որ նա ամենուրեք իրեն ավելի շուտ հայ ժողովրդի պարտապան որդին է զգում, քան «սիրահար» ու սիրո երգիչ։

Նույնիսկ, այսպես կոչված, «ալբոմային» բանաստեղծություններում իրար կողքի մեծ ուժով արտահայտվում են հասարակական վիշտն ու անհատական զգացումը։ «Ցավը անտակ ծովի պես, սերը անհագ սովի պես»—ահա մարդկային հոգու հանճարեղորեն բացված գաղտնիքը։

Վիշտը, թախիծը, տրտմությունը, որոնք, իհարկե, սոցիալական հիմքեր ունեն, այսպես կոչված, «մաքուր» քնարերգության լավագույն ներկայացուցիչների՝ Դուրյանի, Իսահակյանի, Տերյանի սիրո բանաստեղծություններում, Թումանյանի քնարերգության մեջ ուրիշ կողմերով և ավելի անմիջականորեն են առնչվում «արտաքին» աշխարհին։ Մերժված սիրո իրավիճակի պատճառած ցավը տիպական չէ Թումանյանի քնարերգության համար։ Նրա սերն անպատասխան չէ, ընդհակառակը, ամեն ինչից երևում է, որ նրա «քույրիկը», ինչպես կոչում է նա սիրած էակին, ինքն է այրվում նրանից սիրո խոսք լսելու փափագով։ Թումանյանի սիրո քնարերգության ողբերգական երանգը ևս պայմանավորված է հասարակականի և անձնականի հակադրությամբ, բայց այն աշխարհը, ուր հնարավոր չէ բանաստեղծի սիրո հաղթանակը, ոչ թե նրա հետ կռվի մտած թշնամի է, այլ նման դատապարտված հարազատի, առանց որի փրկության նա չի պատկերացնում երկրի վրա «ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր»։ Այս իմաստով Թումանյանի սիրո քնարերգությունն ավելի քաղաքացիական է, քան նրան ժամանակակից որևէ ուրիշ հայ բանաստեղծի։

1892 թ. մարտին Թումանյանը գրել է երեք բանաստեղծություն, որոնք ամենից ավելի լավ են ցուցադրում սիրո և հասարակական պարտքի հարաբերության նրա ըմբռնումը։ Առաջին բանաստեղծության մեջ, որն ունի «Իմ սերը» ծրագրային վերնագիրը, երիտասարդ բանաստեղծը կարծես վախենալով, թե մեկ էլ տեսար աշխարհը չհասկացավ ու չգնահատեց իր փոքր-ինչ սովորական, զգագումը, խոստովանում

523