Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/534

Այս էջը հաստատված է


է, որ «սիրո գաղտնիքը» թաքցնելու կարողություն չունի, որ նվիրական զգացումը լիովին համակել է իր սիրտը։ Բայց ահա հաջորդ երկու բանաստեղծություններում նա արդեն ակնարկում է արտաքին աշխարհի յուրօրինակ ողբերգական ներգործությունն իր սիրո վրա։ «Հիշիր…» երգից իմանում ենք, որ նա չի մերժվել, բայց մնացել է հեռու իր պաշտամունքի առարկայից «չար բախտի» պատճառով։ «Ինձ մի խնդրիր, ես չեմ երգի» բանաստեղծության «տխրությունն ահագին», որի շառաչից հոգիներ են խորտակվում, նույնպես զուտ անձնական չէ։ Խորապես հասարակական են այն հանգամանքները, որոնց պատճառով բանաստեղծի սիրտը համակել են «հուր հառաչանք, սև գիշեր»։ «Գիշեր» և «հառաչանք»–Թումանյանի սիրած այս երկու բառերը, ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում ևս հսկայական տարողություն ունեն։ Դրանք համազգային ողբերգության խորհրդանիշներն են։ «Հայոց վիշտն» է այն անհուն ու խավար ծովը, որի մեջ տառապելով լող է տալիս բանաստեղծի հոգին՝ չհասնելով երջանիկ սիրո ափը։ Երազի և դաժան իրականության օրհասական մենամարտում ազատության մեծ իդեալի երդվյալ պաշտպանը չի կարող լինել «այնքան ստոր», որ «այս դաժան բանտում լինի բախտավոր» («Պանդուխտ եմ, քույրիկ»)։

• • •

1880-ական թվականներին, երբ Թումանյանը դեռ նոր էր ասպարեզ իջնում, հայ գրականության մեջ նահապետի իրավունքով իշխում էին Րաֆֆին, Պատկանյանը, Գրիգոր Արծրունին։ Այս ժամանակաշրջանի մասին ինքը՝ բանաստեղծը հետագայում գրել է. «Ութսունական թվականներն էին։ Մեր կյանքում ռազմական փողի նման թնդում էին Գամառ-Քաթիպայի ազատ երգերը, վարար գետի նման հոսում էին Րաֆֆու վեպերը անընդհատ ու խորհրդավոր, մամուլի մեջ աջ ու ձախ շառաչալից մտրակում էր Արծրունին» (Եժ IV, 353)։

Այս պայմաններում Րաֆֆու «Ոսկե մադան», «Կտակ», «Փող», Պատկանյանի «Անվնաս մարդ», «Հայերուս բաղձանքը», «Ազգասեր» և նման երգիծական բանաստեղծությունները, անշուշտ, օրինակ պիտի ծառայեին պատանի բանաստեղծի սոցիալական-երգիծական բանաստեղծությունների համար։

Դրանցից առաջինը «Հայ վաճառականն» է՝ գրված 1883 թ․, այսինքն այն ժամանակ, երբ բանաստեղծն ընդամենը տասնչորս տարեկան էր։ Սա ոչ այնքան ապրված զգացման, որքան նախորդներից փոխանցված ռոմանտիկ-լուսավորական գաղափարների արտահայտություն է, որտեղ ուսուցիչների օրինակով Թումանյանը ևս այն հույսն է փայփայում, թե անարժան վարքագիծը դատապարտելով հնարավոր կլինի դարձի բերել հայ վաճառականին և նրա կարողությունը ծառայեցնել

524