Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/535

Այս էջը հաստատված է

ազգի լուսավորությանն ու բարօրությանը։ Նա գործի է դնում Րաֆֆու և Պատկանյանի բանաստեղծություններից արդեն ծանոթ հնարանքները, որպեսզի ծաղր ու ծանակի ենթարկի ընչաքաղցությունը, ժլատությունը, այն աղավաղված, օտար բառերով լեցուն լեզուն, որով խոսում է հայ վաճառականը և այլն։ Զայրացած կշտամբելով իր «հերոսին» այն բանի համար, որ նրան չի հուզում ոչ տուն ու տեղից զրկված վանեցի «եղբոր» վիճակը (նույնպես հայտնի Պատկանյանի երկերից), և ոչ այն, որ «սիրասուն» ազգը կրթական հաստատություններ չունի, պատանի բանաստեղծը հայ վաճառականին «դարձի բերելու» համար ուրիշ կռվան չի կարողանում գտնել, քան հիշեցնելը, թե «գաբրիելյան փողը» մի օր նրան էլ դամբարան կկանչի։

Մի տասնամյակ հետո արմատական փոփոխություններ են տեղի ունենում բանաստեղծի հայացքների մեջ։ 1880-ական թվականների վերջն ու 90-ականների առաջին տարիները նրա կյանքում դառնում են հասարակական-սոցիալական տենդագին մտորումների տարիներ։ Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում պաշտոնավարելիս բանաստեղծն արդեն ոչ թե տեսականորեն, այլ գործնականորեն է բախվում սոցիալական անարդարությանը և իր հոգեկան խռովքն ու բողոքն արտահայտում «Չարամիտներին», «Դարձյալ նրանց», «Այստեղ ահա ինչ են ասում...» և մի քանի այլ ոտանավորներում, որոնք, ինչպես ճիշտ նկատել է Ա. Ինճիկյանը, նախապատրաստել են «Պոետն ու Մուսան» երգիծական պոեմի ծնունդը (ՈՒՀ 1, 396)։

Այս բանաստեղծությունների հմայքը հրապարակախոսական կրքոտ խոսքի մեջ է։ Սրանք արդեն կրակված սրտի թելադրանքով գրված մեղադրականներ են։ Երգիծական բանաստեղծությունների այս նոր շարքում հայ հարուստին վերադաստիարակելու միամիտ-լուսավորական գաղափարն այլևս գոյություն չունի։ Խոսքը ոչ թե ազգի գործերի նկատմամբ անտարբեր, ժլատ վաճառականների, այլ «բանտի ու խավարի սպասավորների» մասին է, որոնք քստմնելի ոճիրներ են գործում։ Սրանց հետ լեզու գտնելու պատրանք բանաստեղծն այլևս չունի։ Սրանով է պայմանավորվում այս բանաստեղծությունների հասարակական արժեքը, թեև «կապված անմեղին» սեղանավորի ոտքերի տակ զոհելու պատրաստ իր «հերոսների» պատիժը նա դեռևս բարձրյալից է ակնկալում. 

Հարցանում եք, թե ո՞ւր է աստվածը.—
Կհասնի նա ձեզ, բարկությամբ արդար
Արժանի մահով պատուհասելու,
Եվ ո՞վ պիտի ձեզ ցույց տա ճանապարհ
Նորա բարկության պատժից փախչելու։

Թե ինչ հնչեղություն են ունեցել այս տիպի բանաստեղծությունները, երևում է իր իսկ՝ բանաստեղծի հետևյալ վկայությունից դրանցից

525