Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/537

Այս էջը հաստատված է


պայմաններում նահապետական «մաքուր» բարքերի քայքայումը տեղի է ունեցել մանուկ Թումանյանի աչքերի առաջ, և այս պրոցեսը ցավագնորեն է արձագանքվել նրա հոգում։ Սա թումանյանական «հայոց վշտի» կողմերից մեկն է՝ կապված «ներքին» թշնամու շահատակությունների հետ, այն թշնամու, որն ավելի ուշ՝ 1910 թ. գրված «Parodia»-ում օրինաչափորեն դրվում է «արտաքին» թշնամու կողքին. 

Տեսե՞լ ես արդյոք այն բլուրներր,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Ուր թալանում են մերոնք ու այլերը,
Ուր հոսում է միշտ արցունք ու արյուն։

Քնարական այնպիսի բանաստեղծություններ, ինչպիսիք են «Հին օրհնությունը», «Գութանի երգը», «Խրճիթում», «Նկարիչ Գ. Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև» և այլն, քաղաքացիական քնարերգության լավագույն նմուշներ են, թեև դրանցում իրավիճակը փոխելու որևէ ռեալ ճանապարհ չի առաջարկվում, եթե չհաշվենք շատ ընդհանուր հավատը ապագայի նկատմամբ և նույնչափ ընդհանուր պայքարի կոչը՝ 1889 թ. գրված «Երանություն էր խոստացել հույսս ինձ» տողով սկսվող բանաստեղծության մեջ. 

Հառաջ, կռվելով, և կըգա մի օր,
Որ կընկնի ներկան վատշըվեր, դաժան,
Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կըկանգնի նշան։

Նահապետական-աշխատավորական գյուղի իդիլիան, զուգորդված մանկության քաղցր հիշողության հետ, երկար տարիներ թանկագին զգացում է եղել Թումանյանի համար։ Ինչպես տաղանդավոր նկարիչն իր բնանկարն է կենդանացնում դրա մեջ պատկերելով բանական էակին, այնպես էլ Թումանյանը դեռ պատանության տարիներից համարյա թե երբեք հայրենի բնությունը չի պատկերում առանց «մեծամարմին և քաջալանջ» ու միաժամանակ «բազմահոգ» հայ շինականի։ Եվ նայած թե ինչ վիճակում է բնության այդ տերն ու մշակը, դրանով էլ պայմանավորվում է երկի թախծոտ կամ ուրախ ոգին, հեղինակի գորովանքը կամ տրտմությունը։ Գորովանքը կապվում է աշխատանքի, ազնվության, բարության, իսկ հաճախ՝ կյանքի հարաբերական հանդարտության հետ։ Հայ շինականը Թումանյանի քնարական երգերում երջանիկ է գիշերով, վաստակած դադարի պահին, կամ աշխատանքի մեջ, որ բանաստեղծն ու նրա հերոսը սուրբ ու նվիրական են համարում, ինչպես երկու «Կալի երգ»-երում և «Գութան», «Ա՜խ, ինչ լավ են սարի վրա», «Աղբյուր», «Ամառվա գիշերը գյուղում» և մի քանի այլ բանաստեղծություններում։

527