Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/538

Այս էջը հաստատված է

Այս հովվերգությունը ինչ-որ չափով և ինչ-որ ժամանակ սփոփում է բանաստեղծին։ Հոգու աչքերը փակելով նա մի ակնթարթ, կարծես, մոռանում է և «մերոնց», և «այլերի» արարքները և իրեն երջանիկ է զգում այն բանի համար, որ «հոգնած գյուղական ընտանիքն ահա, սրահում, կալում, կամ կտրի վրա, երկնքի դիմաց գրկված են քնած, վերևից, ասես, ժպտում է աստված»։

Սակայն լոկ մի ակնթարթ։ Ո՛չ թումանյանական «հայոց վշտի» ահագնությանը, և ո՛չ էլ նրա հանճարի փայլատակումներին մենք հասու չէինք լինի, եթե նա մնար նահապետական իդիալիայի կամ դրա կործանման համար պասիվ ափսոսանքի շրջանակներում։ Նահապետական բարքերն ու աշխատավոր գյուղացու «խաղաղ» տքնությունը մեծ բանաստեղծի ոչ հույսն են եղել և ոչ նպատակը։ Նա տեսնում է նոր հարաբերությունների անկանգ առաջընթացը, ոչ միայն տեսնում է սոցիալական ահավոր անարդարությունները, այլև նկատում, որ դրանց արմատներն արդեն առկա էին նահապետական բարքերում, որոնք այնքան մեծ ուժով պատկերված են «Անուշում», «Մարոյում», «Լոոեցի Սաքոյում», «Անիծած հարսում»։ Պատահական չէ, որ «Հին օրհնության» մեջ «մեր հսկա պապերն ու մեր հայրերը, գյուղի տերերը», որոնք տիպիկ «նահապետական» բնաշխարհում՝ «կանաչ վիթխարի ընկուզենու տակ», տիպիկ «նահապետական» բարոյականության օրենքներով՝ «իրենց հասակի կարգով ծալպատակ» խնջույքի են նստել, գոհ չեն իրենց անցած կյանքից, երջանիկ չեն։ Ներքին մի ցավ, մի խոր դժգոհություն կա նրանց սրտերում, որ արտահայտվում է նոր սերնդին ուղղված ո՛չ սովորական բարեմաղթությամբ՝ «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»։

Հայ գեղջուկի ցավն ու բողոքը, ինչպես Հովհաննիսյանի «Գյուղի ժամը», Աղայանի «Ճախարակ» բանաստեղծություններում, Թումանյանի «Գութանի երգում» ևս արդեն իր միանգամայն պարզ ու հասկանալի պատճառներն ունի։ Հովհաննիսյանի ու Աղայանի գեղջկուհիների բողոքի նման, Թումանյանի դառնացած գութանավորի խոսքերը ևս, անկասկած, մի փոքր ավելին են, քան «նեղ օրվա» տրտունջ։ Այստեղ նահապետական իդիլիայի հետքն անգամ չկա։ «Ձեռը պակաս, ուժը հատած, հազար ու մի ցավի տեր» շինականի վիճակը չի պատկերվում որպես սոսկ մռայլ բնանկար։ Այստեղ առկա են հասարակության բոլոր «բարեմասնությունները»՝ և՛ «թովջին», որով տերունական հարկն են պահանջում, և՛ վաշխառու պարտքատերերը, և՛ գյուղի իշխանավորը, դեպի որի տունն է տանում գողերի հետքը և որը «կգա, կծեծի» կամ, որ ավելի ահավորն է, կտանի գեղջուկի լծկանը, ինչպես իմանում ենք «Դժար տարի» երգից։ Ներկա է հոգևոր հովիվը, որ օրհնելու վարձը չստանալով «կբարկանա, կանիծի»։ Կարելի է ասել, որ արդեն 1887 թ. գրված «Գութանի երգից» է սկսվում հռչակավոր «Հառաչանքը», և որ «Գութանի երգի» կամ «Խրճիթում» սրտաճմլիկ բանաստեղծության