Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/540

Այս էջը հաստատված է

իրենց ստեղծագործական մայրամուտը, մինչդեռ հարցի լուծման ճանապարհին չկար որևէ առաջընթաց, իսկ օսմանյան բռնապետության հալածանքների ու կոտորածների պայմաններում ժողովրդի դրությունը գնալով ավելի ողբերգական էր դառնում։

Բնականաբար, այս ողբերգությունը պիտի պաշարեր նաև Թումանյանին՝ նրա առաջին իսկ քայլերից ու դառնար նրա ստեղծագործության հիմնական մոտիվներից մեկը։

Թումանյանն այս մոտիվն սկսել է այն համոզմամբ, թե հայության թշվառության պատճառն առաջին հերթին ինքնուրույն պետականության բացակայությունն է, այն, որ «ազգը զրկվեցավ իրան շքեղ աթոռից» («Օրորք»):

Իհարկե, սա նորություն չէր, գալիս էր դեռ միջնադարյան քնարերգությունից։ Ինչ վերաբերում է նոր ժամանակներին, ապա Ռափայել Պատկանյանն այս գաղափարն արդեն արտահայտել էր ավելի կատարյալ ձևով, այն էլ ոչ թե մեղմ, օրորոցային, այլև մարտական բանաստեղծություններում։ Թեմատիկ առումով նորություններ չէին նաև «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ» (1883), «Ինչո՞ւ ես տխուր» (1884), «Թող փչե քամին» երգի եղանակավ» (1885), «Նահապետի ողբը» (1886) և մի քանի այլ ոտանավորներ, որոնք բանաստեղծն ինքը հրատարակության չի հանձնել։

Սակայն հիշատակված երկերը միաժամանակ շնչում են անկեղծ որդիական կարոտով և խոր տրտմությամբ հայրենիքի վիճակի համար։ Բանաստեղծի հույզը սովորովի չէ։ Սովորովին արտահայտման ձևն է։ Այս կարոտն ու տրտմությունն են դրդել նրան ինքնաբերաբար հետևելու ժամանակի լավագույն հայրենասիրական երգերին ու դրանց նմանությամբ հորինելու սեփական ոտանավորները։

Անկասկած, պատանի Թումանյանը խորապես զգացել է հայ գաղթականի վիճակի ծանրությունը և կորցրած վաթանի կարոտը։ Ահա, թե ինչու է նա հափշտակվել Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությամբ, որն այդ կարոտի ամենագեղեցիկ արտահայտություններից մեկն է, և իր հույզը թղթին հանձնել սիրած երգի օրինակով. 

Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ,
Դարձյալ կըգա գարուն քաղցրիկ,
Կըպճնի կրկին մեր հայրենիք,
Կըկանաչեն դաշտեր, լերինք,
Հայնժամ գայցեն դեպ Արմենիա
Ծարավ, նոթի որդիք նորա...

Ընդ որում, նրա փոխաբերական «քաղցրիկ գարունը» այս դեպքում ևս այլ բան չէ, քան հայահավաքի և հայկական պետականության նույն ռոմանտիկ երազը, որին, ինչպես երևում է բանաստեղծության