Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/541

Այս էջը հաստատված է

հետագա տողերից, Թումանյանի կարծիքով հայ ժողովուրդը կարող էր հասնել նոր Ավարայրով, նոր Ղևոնդների և Ներսեսների առաջնորդությամբ։

Սա արձագանքն է նույն ժամանակ Արևմտյան Հայաստանում ծավալվող ազատագրական խմորումների։ Դրանց արձագանքն է նաև Ալիշանի հայրենասիրական երգերի հանդիսավոր տոներով հորինված «Նահապետի ողբը»։ Դրանց արձագանքներն են 1890 թ. գրված երկու հատվածները՝ «Տարոնի գարունը» և «Տարոնի առավոտը»՝ առաջիններն այս տիպի երգերից, որ հրատարակել է ինքը՝ հեղինակը։ Վերջապես՝ դրանց արձագանքն է ավելի ուշ՝ 1896 թ. գրված «Ա՛յ ծիծեռնակ» սրտակեղեք երգը, որի սևագիրն է միայն հասել մեզ։

Առհասարակ Թումանյանի հայրենասիրական երգերի կարևոր առանձնահատկություններից մեկը սերտ կապն է պատմական կոնկրետ իրադարձությունների հետ, որով մեծ չափով պայմանավորվում է այդ երգերի անկեղծությունը։ Այդ ոտանավորներից է Պատկանյանի ազդեցությամբ գրված «Թող փչե քամին» երգի եղանակավ» երկարաշունչ բանաստեղծությունը՝ նվիրված հետագայում գրված «Հին կռիվը» պոեմի հերոսի նախակերպարին՝ արևմտահայության ազատագրության գործին զինվորագրված պատանի Ալեքսանդր (Վարդան) Գոլոշյանին, որն, ինչպես նկատել է Լեոն, գաղտնի մեկնել էր Արևմտյան Հայաստան «Կայծերի» հերոսներին կյանքի մեջ կենդանի, մարմին ու արյուն ունեցող մարդիկ դարձնելու համար» (տե՛ս Լեո, Հայ հերոսներ, 1920, էջ 48):

Եթե հիշենք հենց միայն այն անձնուրաց գործունեությունը, որ բանաստեղծը ծավալեց իմպերիալիստական պատերազմի տարիներին՝ բառացիորեն իր ուսերին առնելով հայ գաղթականությանը ֆիզիկական բնաջնջումից փրկելու գործը, ապա հասկանալի կդառնա, թե որքան հարազատ ու միաժամանակ կեղեքող է եղել նրա համար իր տեղահան ժողովրդի ճակատագիրը։ Դեռ պատանության տարիներին է նա ոտանավորներ նվիրել հայ գաղթականին ու պանդուխտին՝ նորանոր հուզական տողեր ավելացնելով այս «զուտ հայկական» թեմայով գրված երկերին։ Նույն «Օրորք» բանաստեղծությունը, փաստորեն, պատանի բանաստեղծի սրտի մորմոքն է հայ գաղթականի համար, որը «տկլոր, բոպիկ ու քաղցած, թափառում է սար ու ձոր, անգութներից հալածված»։

Մորթոտված անմեղներն ու ավերված հայկական գյուղերը չբուժվող վերքեր են եղել բանաստեղծի սրտում և իրենց խոր հետքն են թողել նրա քնարերգության վրա։ Ահա թումանյանական «հայոց վշտի» երկրորդ կողմը, որի արտահայտություններից են նաև «Գաղթականի երգը», «Մութ ու խավար իմ հայրենիք», «Հարություն», «Գիշեր», «Օտարության մեջ» և այլն, և այլն։ Միայն այս և նման երգերի մեջ խորամուխ լինելով կարելի է հասկանալ բանաստեղծի վշտի հասարակական խորքն