Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/542

Այս էջը հաստատված է

ու ահագնությունը։ Սա է, որ սկիզբ առնելով վաղ տարիներին, աստիճանաբար հզորանում է և անցյալ դարի 90-ական թվականներից դառնում նրա քնարերգության առանցքը։ Բանաստեղծի հայրենիքը խոշտանգումների, սպանությունների, առևանգումների, բանտերի խորքերից լսվող հեծության աղաղակների մի աշխարհ է, իսկ ինքը՝ ձուլված իր տառապող ժողովրդին, նրա մասնիկը։ Դրա համար էլ նրա վիշտը համազգային է, «բերված երկրից հայրենի» և «նրանով են իր երգերը կենդանի»։

Անցյալ դարի 90-ական թվականներից Թումանյանն արդեն վարպետ բանաստեղծ էր, և նրա վշտի պոռթկումները հանդես էին գալիս գեղարվեստական այնպիսի ընդհանրացումներով, որպիսիք են «Նախերգանքը» (որ գրված է «Հառաչանք» պոեմի համար, բայց հետագայում դարձել է բանաստեղծի գրեթե բոլոր ժողովածուները բացող առաջին, ծրագրային բանաստեղծությունը), «Հայոց վիշտը», «Տրտմության» երկու սքանչելի «սաղմոսները» և այլն։

«Նախերգանքում» Թումանյանը գեղարվեստորեն արտահայտում է իր հավատամքը, իր կարծիքը բանաստեղծի տեղի մասին մի ժողովրդի կյանքում։ Նրա ներշնչանքի աղբյուրը հայրենի շռայլ ու շքեղ և կարծես միայն հերոսական արարքների համար ստեղծված բնությունն է՝ երկնահուպ լեռները, անդնդախոր ձորերը, որոնք, ավա՜ղ, ողբերգական զուգահեռներ են առաջացնում բանաստեղծի սրտում։ Դրանց վեհությունը հակադրվում է համազգային մեծ վշտին։ Թումանյանը «մանր» պատկերների սիրահար չէ։ Շատ երկերում նա գրեթե չի օգտագործում ոչ մի համեմատություն, ոչ մի մակդիր, ոչ մի գնահատող խոսք։ Նրա բանաստեղծություններից շատերում գեղարվեստական միակ հնարանքն այն է, որ որևէ «հնարանք» չկա։ Մեծ ու դժվարին արվեստ է սա։ Այսպիսի արվեստի մասին է, որ Ե. Չարենցը գրել է.

Բայց հասել է նա մի ջինջ պարզության,
Որ ձեռք է բերվում դժվար վարժությամբ։

Սակայն, երբ Թումանյանի սիրտը օրհասական ցավի նման կեղեքում է պատմությունը, նրա խոսքը երբեմն դառնում է նաև արտակարգ շքեղ ու պատկերավոր՝ ընդունակ, օրինակ, այնպիսի հիպերբոլների, որ հազվագյուտ կարելի է գտնել ուրիշ բանաստեղծների մոտ։ Հենց արդեն հիշատակված «անտակ ծովի պես» ցավն ու «անհագ սովի պես» սերը պատկերավոր մտածողության այդպիսի օրինակներ են։ Հապա այն «տարօրինակությունը», երբ բանաստեղծը, ինչպես նկատվել է թումանյանագիտության մեջ, ոչ թե իր վիշտն է չափում անդնդախոր ձորերի տարողությամբ, այլ, ընդհակառակը, «աստծո հարվածի հետքերի»՝ ձորերի անդունդներն է համեմատում իր ահռելի վշտին։ Հիրավի, պատկերավոր մտածողության հանճարեղ նմուշ է այս տեսակետից, «Նախերգանքի» ավարտը։