|
Ահա այսպիսի կատարելությամբ ու վարակիչ ուժով է արտահայտվում թումանյանական «հայոց վիշտը» միմյանց հյուսված իր երկու կողմերով։ Այս կատարելության ու վարակիչ ուժի մեջ է նաև բանաստեղծի ժողովրդայնության գաղտնիքը։
Եվ, այնուամենայնիվ, «հոգու ահավոր թախիծը» բանաստեղծին չի համակում անանց հոռետեսությամբ։ «Հայոց վշտի» երգչի ստեղծագործության մեջ նախ հայտնվում է հազիվ նշմարվող մի կայծ, ապա հետզհետե ավելի ու ավելի վառ է բոցկլտում հավատը ժողովրդի ապագայի նկատմամբ։ Ընդ որում, սա միանգամայն տարբեր է նոր Ավարայրի ռոմանտիկ սպասումից, պայմանավորված այն քաղաքական իրադարձություններով, որոնք XX դարի առաջին տասնամյակներում պարբերաբար ցնցում էին աշխարհը և արձագանքվում նաև հայ ժողովրդի կյանքում։ Հեղափոխական խմորումները Ռուսաստանում, ազգային-ազատագրական շարժումները Բալկաններում և Արևմտյան Հայաստանում՝ ընդդեմ օսմանյան բռնապետության, բանաստեղծին ոգեշնչում են գրելու իր լավատեսական հայրենասիրական բանաստեղծությունները։ Դեռ դարասկզբին, չնայած հայկական դպրոցների փակմանն ու եկեղեցական կալվածքների հարքունիս գրավմանը, և այդ առիթով տեղի ունեցած ժողովրդական հուզումների ազդեցությամբ, Թումանյանը «Հայոց վիշտը», «Հայոց լեռներում» բանաստեղծությունների հետ միասին գրում է «Մեր ուխտը», որը մի ձոն է հայ ժողովրդի տոկունության, տոգորված պայծառ լավատեսությամբ.
|
1915 թ. հունիսին, երբ աշխարհն արդեն ցնցել էին հայոց եղեռնի քստմնելի փաստերը, կոտորածների իսկ վայրում՝ Վանում Թումանյանը գրում է «Շուռ է գալիս ծանր քարը...» բանաստեղծությունը, արտահայտելով իր խոր հավատը հայ ժողովրդի ազգային վերածննդի նկատմամբ, հավատ, որ նա փայփայում էր ի հակակշիռ թուրքական բռնակալության կազմակերպած ցեղասպանության։ Լավատեսությամբ են