Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/544

Այս էջը հաստատված է


շնչում նաև 1910-ական թթ. գրված «Թեպետ և բախտը մեզ շատ հարվածեց», «Հայրենիքիս հետ» և այլ բանաստեղծություններ։

Հայ ժողովրդի ծանր ճակատագրի և ազգային բարձր արժանապատվության ավելի սեղմ ու պատկերավոր ընդհանրացում, քան «Հայոց լեռներում» բանաստեղծությունը, անհնար է գտնել մեր քնարերգության մեջ։ Պատահական չէ, որ մեր գրականագիտությունն այն անվանել է «հայ ժողովրդի բանաստեղծական կենսագրություն» (տե՛ս Էդ. Ջրբաշյան, Չորս գագաթ, Երևան, 1982, էջ 33): Ընդամենը երեսուն տողում, որոնցից տասն էլ կրկնակ տողեր են, Թումանյանը գեղարվեստորեն բնութագրում է հայոց պատմությունն իր էական կողմերով, փոխաբերաբար ներկայացնում որպես շեկ անապատներից եկած հորդաների զարկած ու զրկած քարավանի ճամփա, որ ձգվում է դեպի վեր հայոց «դըժար», ապա «բարձր», ապա «արնոտ», ապա «սուգի» և վերջապես՝ «կանաչ» լեռներում։ Մակդիրից մակդիր, տարողունակ տողերում աստիճանաբար խտանում են պատմական չարաղետ իրադարձությունների պատկերները, մինչև, վերջապես, նշմարվում են լույսի առաջին շողերը՝ հույս ներշնչելով, թե հոշոտված քարավանի ճանապարհին դեռ բացվելու է «պայծառ առավոտ»։

Տասներեք տարի անց այս սրբազան հավատը ավելի հուժկու պիտի ղողանջեր «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ։

«Հայրենիքիս հետ» վերնագիրը պատահական չէր Թումանյանի համար։ Պատահական չէր նաև, որ բանաստեղծն այդպես անվանեց 1916 թվականին հրատարակված իր ժողովածուն։ Այս վերնագրի իրավունքը նա նվաճել էր ավելի քան երեսնամյա հայրենասիրական գործունեությամբ, առավել ևս՝ տասնյակ ու հարյուրավոր բանաստեղծություններով, պոեմներով, լեգենդներով, բալլադներով, հեքիաթներով, պատմվածքներով, զրույցներով, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներով ու ելույթներով՝ իր ողջ ստեղծագործությամբ, որն, անկախ ժանրից, թեմայից, երկերի կոնկրետ բովանդակությունից ու ձևական առանձնահատկություններից, հայկական է, արդյունք հայ կյանքի, հայ հայրենիքի։

«Հայոց լեռներում» բանաստեղծության նման, այս գործը նույնպես հայ ժողովրդի անցած դժվարին ճանապարհի, ողբերգական ներկայի և սպասվող լուսավոր ապագայի հանճարեղորեն սեղմ ու փայլուն ընդհանրացում է, միաժամանակ՝ բանաստեղծի հավատարմության երդումը իր ժողովրդին։

Առաջին երկու տան մեջ պատկերվում է ժողովրդի անցյալն ու ներկան, նրա գաղթական զավակների լուռ և ուժասպառ շարքերով և ծաղկած երկիրն ամայացնող ոսոխների հրոսակախմբերով։ Հայաստանը ներկայանում է որպես «սև ու սուգի մի հովիտ», շեները՝ «դատարկ ու խավար»։ Բայց ահա հաջորդ երկու տների մեջ, հակառակ այդ ամենին, որպես պատմության ընթացքի տրամաբանական հեռանկար, բանաստեղծը

534