Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/552

Այս էջը հաստատված է

Թումանյանն անսահմանորեն հարստացնում Է մարդկային հոգին, դարձնում տիեզերք տիեզերքի մեջ։ Ահա, թե ինչ պայծառ լավատեսության է հասնում բանաստեղծի խոհը կյանքի ու մահու այն վեճի մեջ, որտեղ նյութի հավերժության և մարդկային կյանքի կարճատևության համադրությունը, թվում է, տրամաբանորեն պիտի հանգեցներ հոռետեսության։

Առհասարակ այս համադրությունն այն չափանիշն է, որով շատ հաճախ են փորձել այս կամ այն գրողի աշխարհայացքը՝ սկսած սուբյեկտիվ իդեալիզմին ու դրան ուղեկցող հոռետեսությանը վճարած հարկից, մինչև, ուրիշ դեպքերում, տիեզերքի մեջ իրեն տիեզերք զգալու գաղափարը, որով պայմանավորվում է շռայլ ու շքեղ լավատեսությունը։ Հայ գրականության մեջ վերջինիս ամենահզոր ներկայացուցիչը Հովհաննես Թումանյանն է։ «Վայրէջքից» մինչև «Սիրիուսի հրաժեշտն» ու «Արուսյակը», երկուսն էլ գրված արդեն մահվան անկողնում, Թումանյանը հավատարիմ է եղել իր այս կենսափիլիսոփայությանը։ Դրա համար էլ նրա հարցը «Սիրիուսի հրաժեշտում», թե «մարդու քանի՞ սերունդ կանի մի հրաժեշտն աստեղային», հոռետեսական մտորումներ չի առաջացնում։ Դրա համար ել «Արուսյակը» հնչում է որպես մի անզուգական ձոն «պայծառ ու վառ շողեր հագած, անապակ, թարմ, ուրախ, շաղաղ-շարմաղ» լույսին։

Այս լավատեսությունը, լույսի այս հաղթանակն է հենց այն հանգրվանը, այն իդեալական վիճակը, որ «Վայրէջքի» մեջ արդեն կռահել էր բանաստեղծը ոչ միայն իր, այլև աշխարհի համար։ Այս ելակետից է, որ հասկանալի է դառնում, թե նա ինչպես է կարողանում դեպի մահը տանող ճանապարհի մասին գրել.

Եվ ես իմաստուն ու բեռս թեթև
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զվարթ իմ լերան ետև։

Թումանյանի քնարերգության խոհափիլիսոփայական մոտիվների բնական զարգացումը եղան կյանքի վերջում գրած քառյակները։ Ծավալով ամենափոքր բանաստեղծական այդ ձևը դարձավ Թումանյանի հումանիստական աշխարհայացքի և տիեզերական մեծ ընդգրկումների ամենալայն ու խոր արտահայտությունը, նրանց գեղարվեստական բարձրագույն համադրությունը[1]։

Խ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


542

  1. Թումանյանի քառյակների ընդհանուր բնութագիրը կտրվի սույն հրատարակության 2-րդ հատորում: