Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/598

Այս էջը հաստատված է

Բանաստեղծությունը գրելիս Թումանյանն աչքի առաջ է ունեցել իտալացի բանաստեղծ Լորենցո Սթեքեթթիի մի ոտանավորը (այս փաստի վրա ուշադրություն է հրավիրել հ. Ս. Երեմյանը «Հովհաննես Թումանյան» հոդվածում, տե՛ս Բազմավեպ, 1914, № 5, էջ 333—336), որը ժամանակին երգվել է, լայն տարածում գտել և թարգմանվել նաև ռուսերեն։ Դա քնարական-սիրային երգ է՝ ուղղված հեղինակի սիրած կնոջը։ Թումանյանի բանաստեղծությունը, նվիրված լինելով հոգեկից ընկերոջը, ավելի խոհական բնույթ ունի։

Մեջ ենք բերում իտալական երգը բառացի թարգմանությամբ.

Երբ կթափվեն տերևները, ու դու կգաս
Փնտրելու իմ խաչը գերեզմանատանը,
Մի անկյունում այն կգտնես՝
Շուրջը բազմաթիվ ծաղիկներ աճած։

Այդ ծաղիկները ծնվեցին իմ սրտից
Քո շեկ մազերի համար։
Դրանք այն երգերն են, որ դու գիտես, բայց ես չերգեցի,
Եվ այն բառերը, որ քեզ չասացի։


ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

(«Վաղուց թողած բարձր ու կանաչ…»)

(էջ 151, 459)

Գրված է 1894 թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։ Մեզ չի հասել նաև այն հեղինակսային ընդօրինակությունը, որ 1895 թ. դեկտեմբերին Թումանյանը նվիրել է Ավ. Իսահակյանին (տե՛ս ԹԺՀ, էջ 9)։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ուղղումներ է կատարել։ Դրանք հետագայում արտահայտվել են ԲՊ-ում։

Առաջին անգամ տպագրվել է Դփ, էջ 19, թվագրված՝ «1894», այնուհետև՝ ԲԹ, էջ 24, ԲԲ, էջ 33, ԲՊ, էջ 17, ապա՝ ԵԺ 1, 119։

Արտատպվում է ԲՊ-ից։

Այս բանաստեղծության գրության շարժառիթների մասին կան տարբեր կարծիքներ։ Դ. Դեմիրճյանը բանաստեղծությունը կապում է Փ. Վարդազարյանի և Թումանյանի մտերմության հետ։ «Թումանյանը և Վարդազարյանը շատ մտերմացան,— գրում է նա,—այն աստիճան, որ վերջինս դարձավ Թումանյանի լիրիկական զեղումների ֆիգուրաներից մեկը («Երկու սև ամպ»)» (տե՛ս ԹԺՀ, էջ 23—24)։ Ա. Ինճիկյանը մեջ է բերում երկու ուրիշ վարկած. «Մի այլ ենթադրությամբ,— գրում է նա,—«Երկու սև ամպ»