1898
ՏՐՏՄՈՒԹՅԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐԻՑ
Ա
«ՏԵ՛Ր, ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ՄԵՐ ԱՉՔԵՐԸ ՔԵԶ ՄԸՆԱՆ…»
(էջ 165, 464)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Հրատարակություններում հանդիպում են երկու տարեթիվ՝ 1896 և 1898։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է ԲԹ, էջ 32, այնուհետև՝ ՀՀ, էջ 40, թվագրված՝ «1898», ԲՊ, էջ 25, թվագրված՝ «1896», ապա՝ ԵԺ 1, 128։
Արտատպվում է ԲՊ-ից։
Այս բանաստեղծությունն, անշուշտ, արձագանք է 1890-ական թվականներին տեղի ունեցած արևմտահայության կոտորածների ու տառապանքների, որոնք խոր հետք են թողել հայրենասեր բանաստեղծի սրտում։ Իր հույզն արտահայտելու համար նա դիմել է Աստվածաշնչին՝ օգտագործելով սաղմոսների ոգին, իսկ երբեմն նաև տառը։ Օրինակ՝ ԺԲ սաղմոսն սկսվում է այսպես. «Մինչև յե՛րբ, Տէր, մոռանաս զիս իսպառ, մինչև յե՛րբ դարձուցանես զերեսս քո յինէն։ Մինչև յերբ դնեմ զխորհուրդս յանձն իմ. և ցաւք սրտի իմոյ զաւուրս»։ Դժվար չէ նկատել այս նույն տրամադրությունը նաև Թումանյանի բանաստեղծության մեջ։
Բ
«ԱՍՏՎԱ՜Ծ, ԻՆՉՊԵՍ ԾՈՒԽ ՕՐԵՐԸՍ ԱՆՑԱՆ…»
(էջ 166, 464)
Գրված է 1898 թ.։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1898, 14 մարտի, № 14, էջ 339, այնուհետև՝ ԲԹ, էջ 31, ՀՀ, էջ 39, ԲՊ, էջ 26, ապա՝ ԵԺ I, 129:
Արտատպվում է ԲՊ-ից։
Ստեղծման շարժառիթների մասին տե՛ս նախորդ բանաստեղծության ծանոթագրությունը։