Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/615

Այս էջը հաստատված է

ԸՆԿԵՐԻՍ

(«Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի…»)

(էջ 198, 472)

Գրված է 1902 թ. օգոստոսի 10-ին։

ԳԱԹ ՓՎֆ №413/10 դ պահվում է Թումանյանի Փ. Վարդազարյանին ուղղած նամակը, որի մեջ ինքնագիրը, վերնագրված՝ «Ֆ-ին», որ նշանակում է՝ Փ. Վարդազարյանին։

Առաջին անգամ տպագրվել է ԲԹ, էջ 37, այնուհետև՝ ԲԲ, էջ 58, ապա՝ ԵԺ I, 137:

Արտատպվում է ԲԲ-ից։

Նամակում Թումանյանը, ի միջի այլոց, գրում է. «Այսօր քո նամակն, ասում եմ, նորից կարդացի և նրա տպավորության տակ գրեցի այս փոքրիկ ոտանավորը»։ Այնուհետև. «Գաղափարների ու երազների աշխարհն է, որ ես մի խոսքով անվանել եմ Վեր» (տե՛ս ԵԺ V, 209)։


«ՆԸՍՏԱԾ ԵՄ ՏԽՈՒՐ, ՄԵՆԱԿ ՄԻ ԺԱՅՌԻ...»

(էջ 199)

Գրված է 1902 թ.՝ սեպտեմբերի 22-ին։

ԹԸԱ պահվում է Թումանյանի՝ 1902 թ. սեպտեմբերի 25-ին, Աբասթումանից, Վարյա Խանդամիրյանին (հետագայում՝ Հ. Մանանդյանի կինը) հղած նամակ և դրա մեջ՝ ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1955, № 18, այնուհետև՝ ԵԺ VI, 425—426,

Տպագրվում է ինքնագրից։

Նամակում, ոտանավորից առաջ Թումանյանը գրել է. «Սքանչելի, սքանչելի օրեր են։ Չգիտեմ Դուք երբևէ աշնանը եղե՞լ եք բնության մեջ, անտառներում, սար ու ձորերում։ Աբասթումանի հովիտը լիքն է արևի շողերով, սոճի անտառների բուրմունքով, թռչունների աշնան–հրաժեշտի երգերով ու մի անուշ-թախծալի խաղաղությամբ։ Ամբողջ օրը զբոսանքներ եմ կատարում, թաղվում եմ անտառների խորքում, բարձրանում եմ սարերի գլուխները, նստում եմ ժայռերի գագաթներին ու մտորում, ցնորում, չնայելով Ձեր խրատին։ Հաճախ հենց այդ անտառներում, այդ ժայռերի վրա ոտանավորներ եմ գրում, մեծ մասամբ այսպիսի հիշատակարանի ոտանավորներ» (տե՛ս ԵԺ VI, 425—426)։