Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/643

Այս էջը հաստատված է



Ժամանակակիցներից մեկն իր հուշերում գրում է այս ոտանավորի ստեղծման շարժառիթների մասին. «Լավ հիշում եմ հետևյալ դեպքը... Երբ Մարտիրոս վարժապետը սկսեց պատմել, թե ինչպես մեկ հայ կնոջ ստիպել էին խմել սեփական զավակի արյունը սուլթանի կենացը, Թումանյանը ելավ տեղից և դողդոջ քայլերով մեկնեց նիստից։ Մի ամբողջ շաբաթ նա հիվանդ էր։ Այս դեպքի ազդեցության տակ է գրված նրա մի ոտանավորը, որից հիշողությանս մեջ մնացել են միայն վերջին երկու տողերը.

Եվ մարդն ամաչի շնից ու գելից,
Որ մարդ է ծնած իրեն նմանից...» (Վեմ, 1933, Ա, էջ 21)։

Հենվելով արխիվային փաստաթղթերի և հայ ու օտար պատմական աղբյուրների վրա, Էրզրումում 1915 թ. հունիսից մինչև 1916 թ. փետրվար տեղի ունեցած աղետալի դեպքերի մասին բազմաթիվ փաստեր է բերում Ջ. Կիրակոսյանը «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» (Երևան, 1965) աշխատության մեջ, որտեղ, ի միջի այլոց, նաև կարդում ենք. «Բուն Էրզրումի 18—20 հազար հայ բնակչությունից... 1916 թվականի փետրվարին Էրզրումը գրաված ռուսական զորամասերը քաղաքում գտան թուրքական յաթաղանից փրկված 130—150 կանանց և երեխաների ու 5—6 տղամարդու» (էջ 296)։


ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

(«Բաբելոնի գետեզերքին նըստել էին նրանք գերի...»)

(էջ 285, 484)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

ԳԱԹ Թֆ № 75 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։

Առաջին անգամ, «Նմանություն» ենթավերնագրով, տպագրվել է Հմբ, 1916, 10 ապրիլի, № 16, էջ 507, այնուհետև՝ ԵԺ I, 183:

Արտատպվում է Հմբ-ից։

Նմանություն է Բայրոնի անվերնագիր (հայերեն թարգմանությամբ՝ «Գերության մեջ» վերնագրով) մի բանաստեղծության՝ «Հրեական մեղեդիներ» շարքից։ Ինչպես նկատել է բանասեր Մ. Նարյանը (տե՛ս ԳԹ, 1967, 20 հունվարի, №4) երկու բանաստեղծներն էլ մշակել են աստվածաշնչային թեման՝ հիմք ունենալով Դավթի ՃԼԶ սաղմոսը։ Ահա այն.

«Ի գետս բաբելացւոց անդ նստեաք և ի մէջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր։ Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրհնութեան գերեվարի մեր, ստիպէին մեզ և ասէին. օրհնեցէք մեզ յօրհնութիւնէ Սիօնի: Իսկ զիա՞րդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն՝ յերկիր օտար։ Եթե մոռացոյց